Ցանկացած պայմանավորվածություն Ղարաբաղյան կարգավորման գործընթացում պետք է հավանության արժանանա Ղարաբաղի հայերի կողմից. ՀՀ խոսնակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ցանկացած պայմանավորվածություն Ղարաբաղյան կարգավորման գործընթացում պետք է հավանության արժանանա Ղարաբաղի հայերի կողմից, նախօրեին հայտարարեց ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Ստեփանակերտում կայացած Հայաստանի և ԼՂՀ միջկառավարական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստում։
Ըստ նրա, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման խնդիրը մշտապես ՀՀ խորհրդարանի ուշադրության կենտրոնում է, այս ընթացքում ՀՀ Ազգային Ժողովում բազմիցս անցկացվել են լսումներ և քննարկումներ այս թեմայով։
«Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա հայկական կողմի ենթակայության տակ գտնվող ցամաքային շփում Հայաստանի հետ, իսկ Ղարաբաղի բնակչության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի միջազգային մակարդակով»,- նշեց Աբրահամյանը։
ՀՀ խորհրդարանի ղեկավարը կարծում է, որ այդ սկզբունքների ընդունումը և դրանց ամրագրումը պայմանագրով հնարավորություն կընձեռի վերացնել հակամարտության հետևանքները։
ՀՀ Ազգային Ժողովի նախագահը փաստեց, որ Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ որպես բանակցությունների գործող ձևաչափի, միջնորդությունը հակամարտության կարգավորման գործընթացում։
«Հայաստանը հակված է հակամարտության կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով և կարևորում է վստահության մթնոլորտի հաստատումը՝ կառուցողական հունով բանակցությունները շարունակելու համար։ Կողմերը պետք է զերծ մնան խաղաղ կարգավորման ճանապարհին լարվածություն ստեղծող և խոչընդոտներ առաջացնող քայլերից»,- ընդգծեց Աբրահամյանը։ -0-

