Արցախի անկախությունը չի կարող կասկածի տակ դրվել. ԼՂՀ նախագահ

19.02.2009, 10:28
Արցախի անկախությունը չի կարող կասկածի տակ դրվել. ԼՂՀ նախագահ

Արցախի անկախությունն ու անվտանգությունը այն բացառիկ արժեքներն են, որոնք երբեք չեն կարող կասկածի տակ դրվել, ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, այս մասին Սահակյանը հայտարարել է չորեքշաբթի տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը նվիրված էր ԼՂՀ արտաքին գործերի նախարարության 2008 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանը և  2009 թվականի անելիքներին:

«ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներն արտաքին քաղաքականության հավասարակշռվածությունն ու բազմաուղղվածությունն են, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը հետամուտ լինելը, բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնումը` Արցախի` որպես բանակցային լիիրավ կողմի, մասնակցությամբ», - ասել է ԼՂՀ նախագահը։

Իր խոսքում երկրի ղեկավարն անդրադարձել է այն խնդիրներին և ուղղություններին, որոնք պետք է հիմք հանդիսանան հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության հետագա աշխատանքների համար: Այդ խնդիրներն արդյունավետ կերպով լուծելու նպատակով հանրապետության նախագահը տվել է մի շարք հանձնարարականներ, մասնավորապես, էլ ավելի ամրապնդել ԼՂՀ ներկայացուցչությունների և ԱԳՆ կենտրոնական ապարատի միջև կայուն կապը, տեղերում վերակազմավորել ներկայացուցչությունների աշխատանքը՝ խորացնելով և բազմակողմանի դարձնելով համագործակցությունը հայկական համայնքների, տվյալ պետության քաղաքական և վերլուծական շրջանակների հետ:

Խորհրդակցության ժամանակ զեկույցով հանդես են եկել ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը, արտերկրում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունների և ԱԳՆ առընթեր միջազգային համագործակցության կենտրոնի ղեկավարները:

Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը,  նախագահի աշխատակազմի և արտգործնախարարության պատասխանատու աշխատողներ:-0-