ԼՂՀ նախագահը շրջվարչակազմերի ղեկավարների հետ քննարկել է շրջաններում սոցիալ-տնտեսական վիճակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեքշաբթի աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԼՂՀ շրջվարչակազմերի ղեկավարների հետ:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, խորհրդակցության ժամանակ քննարկվել է շրջաններում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակի, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի հետ կապված հարցերի լայն շրջանակ:
Անդրադառնալով տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, նախագահը նշել է, որ պետք է էլ ավելի արագացնել անցած տարվա նոյեմբերին տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում հնչած դրույթների իրականացման գործընթացը:
Խոսելով շրջաններում անապահով ընտանիքների պայմանների բարելավման մասին՝ երկրի ղեկավարը կարևորել է կառավարման համապատասխան օղակների և հասարակական կազմակերպությունների սերտ համագործակցության անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար Նարինե Ազատյանը:
Նույն օրը երկրի ղեկավարի մոտ տեղի է ունեցել մեկ այլ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Մարտունի շրջկենտրոնի զարգացմանը և բարեկարգմանը վերաբերող հարցեր:
Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:--0--

