Ղարաբաղում ոչ մի ադրբեջանացի գերի չկա. Պետհանձնաժողով

15.01.2009, 18:13
Ղարաբաղում ոչ մի ադրբեջանացի գերի չկա. Պետհանձնաժողով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանական կողմի հաղորդագրությունն այն մասին, թե Լեռնային Ղարաբաղի տարածքում գերիներ կան, Ռազմագերիների, անհայտ կորածների և պատանդների հարցերով ԼՂՀ պետական հանձնաժողովը որակել է հերթական ապատեղեկատվություն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների վարկաբեկմանը, և այն անվանել է միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու հերթական փորձ։

Օրերս ռազմագերիների, անհայտ կորածների եւ պատանդների հարցերով Ադրբեջանի պետական հանձնաժողովը հրապարակեց 2008թ. իր գործունեության մասին հաշվետվությունը, որում մասնավորապես նշվում է, թե, իբր, Լեռնային Ղարաբաղի տարածքում գերության մեջ են գտնվում 39 ադրբեջանցիներ։

«ԼՂՀ պետական հանձնաժողովն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասության տակ գտնվող տարածքում ոչ մի գերի կամ պատանդ չկա»,- ասվում է հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ռազմագերիների, անհայտ կորածների և պատանդների հարցերով ԼՂՀ  պետական հանձնաժողովի կողմից տրամադրած հաղորդագրությունում։

Փաստաթղթում նշվում է, որ ԼՂՀ իշխանությունները, խստորեն հավատարիմ մնալով Ժնևյան կոնվենցիաների սկզբունքներին, Ադրբեջանի հետ հակամարտության ռազմական փուլի ավարտից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ ադրբեջանական կողմին են հանձնել բոլոր գերիներին։

«Ներկայում ԼՂՀ համապատասխան մարմինները Ստեփանակերտում հավատարմագրված՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ-ի գրասենյակներին ժամանակին տեղեկացնում են ադրբեջանական զինվորների և քաղաքացիական անձանց՝ ղարաբաղյան տարածքն անցնելու ցանկացած փաստի մասին, և որոնց այնուհետև առանց նախապայմանների հանձնում են Ադրբեջանի իշխանություններին»,- ասվում է հաղորդագրությունում։

ԼՂՀ պետական հանձնաժողովը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ հանրապետության իշխանությունների կողմից Ադրբեջանի համանուն կառույցի հետ ուղղակի շփումներ հաստատելու բազմաթիվ առաջարկները, ինչը նպատակ ունի արդյունավետ կերպով լուծել ռազմագերիների, անհայտ կորածների և պատանդների հիմնախնդիրը, համարժեք պատասխան չեն ստացել պաշտոնական Բաքվի կողմից։

«Դեռ ավելին, Ադրբեջանի իշխանությունները կասկածելի քարոզչական դիվիդենդներ ստանալու նպատակով շարունակում են քաղաքականացնել մարդասիրական և զգայուն այնպիսի հիմնախնդիր, ինչպիսին անհայտ կորածների որոնումն ու ռազմագերիների ազատումն է, ինչի մասին ակներևաբար վկայում է նաև կանխահայտորեն կեղծ տեղեկատվության տարածման վերջին փաստը»,- նշվում է հաղորդագրությունում։ -0-