Ադրբեջանում նախագահության ժամկետների սահմանափակումները հանելու գաղափարին հավանություն տալը տխրեցնում է. ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր
Ադրբեջանում նախագահության ժամկետների սահմանափակումները հանելու՝ վերևից իջեցված գաղափարին կամավոր-պարտադիր հավանություն տալու փաստը տխրեցնում է և լուրջ մտորումների առիթ է տալիս, հայտարարել է ԼՂՀ խորհրդարանի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գարիկ Գրիգորյանը։
«Սահմանադրական փոփոխությունների վերբերյալ դեռևս իր «հեղինակավոր» խոսքը չի ասել Ադրբեջանի նախագահը՝ ոչ դրական, ոչ բացասական, ինչը որոշակի ինտրիգ է մտցնում գործընթացի մեջ։ Միաժամանակ հարց է առաջանում՝ արդյո՞ք ադրբեջանական ժողովրդին ընդհանրապես անհրաժեշտ է Սահմանադրությունը, եթե այդ երկրում իշխելու է ցմահ «ընտրված» նախագահը, որն իրեն է վերապահում միայնակ կառավարություն ձևավորելու, անձամբ Միլի մեջլիսի պատգամավորներին և նրա նախագահին նշանակելու իրավունքը։ Դեպի ու՞ր է նման «լայն քայլերով» քայլում Ադրբեջանը՝ դեպի պայծառ ապագա՞, թե՞՝ խավար միջնադար», - Ստեփանակերտում լրագրողներին է ասել ԼՂՀ պատգամավորը։
Նրա խոսքերով, ցավալի է, որ մարդու իրավունքների և ազատությունների մոլեռանդ պաշտպանների դերը ստանձնած եվրոպական որոշ կառույցներ և ոչ միայն նրանք կարծում են, որ դա Ադրբեջանի բացառապես ներքին գործն է՝ շարունակելով ղեկավարվելով կասկածելի չափանիշներով և սեփական շահերով։
«Ադրբեջանի քաղաքական և մշակութային վերնախավը, մտավորականության ներկայացուցիչները կարծում են, որ առանց Իլհամ Ալիևի իմաստուն ղեկավարության անհնար է երկրի դինամիկ զարգացում ապահովել։ Ավելին, եթե լսենք նրանց՝ ևս մեկ նման ղեկավարի ի հայտ գալն անհնար է, նա բացառիկ է, անփոխարինելի», - ասել է Գրիգորյանը։
ԼՂՀ խորհրդարանական հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ Ադրբեջանում Ալիևի անսահմափակ իշխանության գաղափարը ոչ բոլորին է դուր գալիս։
«Բաքվի «Զերկալո» թերթը գրում է. «Տպավորություն է ստեղծվում, որ գաղափարը հավանության է արժանացել ամենաբարձր մակարդակում և արդեն լուծված հարց է։ Գլխավոր ցուցանիշն այն է, որ գործի է դրվել ծանր հրետանին՝ ի դեմս մեր մտավորականության։ Ինչ էլ որ ասեն այս գաղափարի կողմնակիցները, նրանք ոչ մի կերպ չեն կարող քողարկել այն, որ որոշ մարդիկ նույնիսկ չեն էլ թաքցնում, որ մենք փոխում ենք Սահմանադրությունը կոնկրետ մարդու օգտին....»», - մեջբերել է թերթը Գրիգորյանը։
Նրա խոսքերով, որոշ ադրբեջանցի պատգամավորներ շահարկում են «Ադրբեջանի աշխարհաքաղաքական դիրքը», չկարգավորված ղարաբաղյան հակամարտության առկայությունը, որոնք, իբր թե, «պահանջում են պետության ղեկավարի հնարավորությունների ընդլայնում»։
«Նույնիսկ հասել են հայտարարությունների, թե երկու անգամից ավելի նախագահ ընտրվելու արգելքն ինքնին հակասում է ժողովրդավարական ընտրությունների սկզբունքներին։ Կարճ ասած, ակնհայտ է օրենքը կոնյունկտուրային համապատասխանեցնելու փաստը», - նշել է Գրիգորյանը։
ԼՂՀ խորհրդարանի պատգամավորը հայտարարել է, որ «չի բացառում, որ այս աննախադեպ քաղաքական շոուն «աղմկահարույց» եզրափակում կունենա, և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կկանգնի իր ժողովրդի առջև՝ որպես համար մեկ ժողովրդավար և եվրոպական արժեքների հետևորդ»։-0-

