Լեռնային Ղարաբաղում նշել են ղարաբաղյան պատերազմի հերոս Մոնթե Մելքոնյանի 51-ամյակը

26.11.2008, 13:51
Լեռնային Ղարաբաղում նշել են ղարաբաղյան պատերազմի հերոս Մոնթե Մելքոնյանի 51-ամյակը

Ղարաբաղյան պատերազմի լեգենդար հերոս Մոնթե Մելքոնյանի (Ավո) ծննդյան 51-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներ են անցկացվել նախօրեին Մարտունի շրջկենտրոնում։

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, միջոցառումներին մասնակցել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂՀ խորհրդարանի պատգամավորներ, Հայաստանի Գեղարքունիքի մարզի պատվիրակությունը՝ մարզպետ Նվեր Պողոսյանի գլխավորությամբ, Ավոյի մարտական ընկերները, Մարտունու բնակիչները։

Միջոցառումների շրջանակներում Մոնթե Մելքոնյանի հուշարձանի մոտ անցկացվել է հանրահավաք, շրջկենտրոնում տեղի է ունեցել համերգ, ինչպես նաև տեղի է ունեցել Մարտունիի Մշակույթի տան վերանորոգված շենքի բացման արարողությունը, որն այսուհետ կրելու է Մոնթե Մելքոնյանի անունը։ ԼՂՀ կառավարության ղեկավարը Հայաստանից եկած հյուրերի հետ միասին ծանոթացել է շենքի պայմաններին։

ԼՂՀ վարչապետը պետական մրցանակներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների, այդ թվում նաև՝ հետմահու։

Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957թ. նոյեմբերի 25-ին Վարսելիա քաղաքում, Ֆրեզնոյի մոտ (Կալիֆորնիա, ԱՄՆ)։ 1969թ. Մոնթեի ընտանիքը տեղափոխվել է Իսպանիա։ Վերադառնալով ԱՄՆ՝ նա ընդունվել է Բերկլիի համալսարան՝ «Հնեաբանություն» և «Ասիայի պատմությունը» մասնագիտությամբ։ 1975թ. նրան ուղարկել են Իրանի և Լիբանանի հայկական դպրոցներում դասավանդելու։ Տիրապետում էր յոթ լեզուների, ուներ պատմական գիտությունների թեկնածուի աստիճան։

Մոնթեն մասնակցել է Լիբանանի քաղաքացիական պատերազմին՝ աջ-քրիստոնեական խմբավորումների կողմից (70-ական թթ. վերջ – 80-ական թթ. սկիզբ), իսրայելական զորքերի դեմ մղված մարտերում (1982թ.)։ 1980թ. գարնանը մտել է Հայաստանի ազատագրման հայկական գաղտնի բանակի (ASALA) կազմի մեջ։ 1991թ.-ից մասնակցել է Ղարաբաղի ազատագրական պայքարին և սպանվել 1993թ. հունիսի 12-ին։

Մոնթե Մելքոնյանը ամենավառ, տաղանդավոր և փորձառու հրամանատարներից մեկն էր։ ԼՂՀ-ի պաշտպանության կազմակերպման գործում ունեցած բացառիկ ավանդի, խիզախության և անձնական քաջության համար հետմահու արժանացել է ԼՂՀ բարձրագույն կոչմանը՝ «Արցախի հերոս», դառնալով «Ոսկե արծիվ» պարգևի  ասպետ։--0—