ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը հերքում է հրադադարի ռեժիմը խախտելու վերաբերյալ Բաքվի մեղադրանքները
Լեռնային Ղարաբաղի հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը հերքել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած հայտարարությունն այն մասին, թե ղարաբաղյան կողմը խախտել է հրադադարի ռեժիմը։
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր ադրբեջանական սպայի մահվան մասին, որը, իբր թե, զոհվել էր ղարաբաղյան կողմից արձակած կրակոցի արդյունքում։
«Ղարաբաղյան կողմը պահպանում է հրադադարի ռեժիմը։ Ադրբեջանի կողմից տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և հերթական ապատեղեկատվությունն է»,- Հասրաթյանն ասաց «Նովոստի-Արմենիա» գործակալությանը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

