ԼՂՀ նախագահը շնորհավորել է Օբամային ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ

06.11.2008, 18:04
ԼՂՀ նախագահը շնորհավորել է Օբամային ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ

Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Բարաք Օբամային, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչությունից:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Ամերիկայի Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ ընտրվելու առթիվ: Ընտրություններում Ձեր հաղթանակը դարձել է հիրավի դարակազմիկ իրադարձություն Ամերիկայի և համաշխարհային ժողովրդավարության պատմության մեջ»,- նշվում է ուղերձում։

Սահակյանը նշել է, որ Արցախում բարձր են գնահատում Ամերիկայի Միացյալ Նահանգների դերը ադրբեջանաղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում և ամենամյա ֆինանսական օգնությունը, որ տրամադրվում է ԱՄՆ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:

«Վստահ եմ, որ Ձեր շահագրգռվածությունը և աջակցությունը հայ ժողովրդի առջև ծառացած հիմնախնդիրների լուծմանը, նոր վարչակազմի գործունեության ընթացքում մեր երկրների միջև կապերը կդարձնեն էլ ավելի ամուր ու բազմակողմանի»,- ասել է Սահակյանը։

«Կրկին շնորհավորում եմ Ձեզ և մաղթում խաղաղություն, երջանկություն, քաջառողջություն ու բարգավաճում Ձեզ և Ձեր բոլոր մերձավորներին»,- նշվում է ուղերձում։ --0--