Ղարաբաղի պաշտպանության նախարարը ողջունում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հռչակագրի ստորագրումը
ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հռչակագրի ստորագրումը, հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի կիրակնօրյա հանդիպումից հետո երեք երկրների առաջնորդները ստորագրել են հռչակագիր, որտեղ կողմերը պատրաստակամություն են հայտնում նպաստել Հարավային Կովկասում իրավիճակի առողջացմանը և տարածաշրջանում կայունության ու անվտանգության մթնոլորտի հաստատման ապահովմանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհով:
Նրա խոսքերով, քաղաքական գործիչներն եկան այն եզրակացության, որ ղարաբաղյան հակամարտության ուժային լուծում գոյություն չունի, և դա նաև վերջին տարիների մեր ջանքերի և հակակշռի արդյունքն է, որը ստեղծել է ԼՂՀ Պաշտպանության բանակը տարածաշրջանում իր մարտունակությամբ և ամենօրյա քրտնաջան աշխատանքով։
«Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունը կարելի է միայն ողջունել, քանի որ վերջիվերջո եթե հնարավոր է քաղաքական ճանապարհով ապահովել անվտանգությունը, ապա ինչու այն չապահովել առանց զինվորականներին ներգրավելու», - նշել է Հակոբյանը։
ԼՂՀ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ԼՂՀ Պաշտպանության բանակը տարեցտարի ավելի կատարելագործվելու է, որպեսզի Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը չդրվի կասկածի տակ։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-