Ղարաբաղի նախագահը Ուսուցչի օրվա առթիվ ստորագրել է պարգևատրման մասին մի շարք հրամանագրեր

06.10.2008, 15:00
Ղարաբաղի նախագահը Ուսուցչի օրվա առթիվ ստորագրել է պարգևատրման մասին մի շարք հրամանագրեր

Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը 2008 թ.-ի հոկտեմբերի 4-ին Ուսուցչի օրվա առթիվ մի շարք հրամանագրեր է ստորագրել պարգևատրելու մասին, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Ութ մանկավարժ մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության բնագավառներում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով, մանուկների, պատանիների ու երիտասարդության ուսուցման և դաստիարակության բնագավառներում ունեցած բացառիկ ավանդի համար ևս 26 մարդ արժանացել է ԼՂՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչման։

Գիտության, կրթության բնագավառների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, բացառիկ մասնագիտական կարողությունների դրսևորման, գիտական գործունեության համար ԼՂՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել Անահիտ Աթայանին և Օֆելյա Բաբայանին:           

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում  մեծ վաստակի համար Միքայել Բաղդասարյանին շնորհվել է ԼՂՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:-0-