ԼՂՀ Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստում ընդունվեց ավելի քան 10 օրենքի նախագիծ

Ստեփանակերտում նախօրեին տեղի ունեցած ԼՂՀ Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստում, որը վարեց ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը, ընդունվեց ավելի քան 10 օրենքի նախագիծ։
Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, նիստի ընթացքում լրացումներ են կատարվել «Շահումով խաղերի և խաղատների մասին», «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին», «Հաստատագրված վճարների մասին», «Շահութահարկի մասին», «Առևտրի և ծառայության մասին», «Աշխարհագրական անունների մասին», «Ինկասացիայի մասին», «Հասարակության և պետության համար գույքի օտարման մասին», «Տեղական հանրաքվեի մասին» ԼՂՀ օրենքներում։
Նիստին պատգամավորները հարցեր ուղղեցին Ղարաբաղի կառավարության անդամներին, որոնք, հիմնականում, վերաբերում էին հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտների, այդ թվում՝ արտաքին քաղաքականության, սոցիալական ապահովության, կրթության, գյուղատնտեսության, մշակույթի, ճանապարհային և բնակարանային շինարարության ոլորտներին։
Ի գիտություն ընդունվեց նաև Լեռնային Ղարաբաղի Ֆինանսների նախարարության տեղեկատվությունը 2008թ. առաջին կիսամյակում ԼՂՀ պետական բյուջեի կատարման մասին։ -0-