Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը ժամանակի հարց է, կարծում է հայ պատգամավորը
Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախության ճանաչումը ժամանակի հարց է, չնայած այդ հարցում հայկական կողմն ուշացել է, կարծում է «Ժառանգություն» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։
«Եթե ԼՂՀ ճանաչումը հռչակվի Կոսովոյի ճանաչումից առաջ, ապա հենց մեր դեպքը նախադեպ կդառնա միջազգային հանրության համար, որը թույլ կտա այլ կերպ ընկալել մեզ»,- երեքշաբթի Մարտիրոսյանն ասաց մամուլի ասուլիսի ժամանակ։
Մարտիրոսյանը կարծում է, որ Ռուսաստանի կողմից Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախության ճանաչման համատեքստում Հայաստանը պետք է ընդունի Կոսովոյի նախադեպը և Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի անկախությունը։
Նրա կարծիքով, հարցն այն է, թե որքանով է հայկական կողմն ի վիճակի հակազդել ճանաչման գործընթացին՝ Հարավային Օսեթիայի և Աբխազիայի հետ գտնվելով միևնույն տարածաշրջանում։
«Ժամանակի հարցում մենք շատ բան կորցրեցինք, բայց Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման համար մենք արդեն նախադեպ ունենք»,- ասաց Մարտիրոսյանը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

