Մոնիտորինգը ԼՂՀ ԶՈւ և Ադրբեջանի շփման գծում անցավ առանց միջադեպերի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հուլիսի 16-ին ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Աղդամի շրջանի Յուսիֆջանլի բնակավայրի մերձակայքում ԵԱՀԿ արտահերթ մոնիտորինգն անցավ առանց հրադադարի ռեժիմի խախտման։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը չորեքշաբթի հայտնեցին ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնում էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Պետեր Քիին (Մեծ Բրիտանիա), Անթալ Հերդիչը (Հունգարիա) և Իրժի Աբերլեն (Չեխիա):
Հակառակ նախնական պայմանավորվածության` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը ադրբեջանական կողմից չի մասնակցել դիտարկմանը:
«Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Այդուհանդերձ, ԵԱՀԿ առաքելությանն ուղեկցող ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը դիտարկման խմբի անդամների ուշադրությունը հրավիրել է այն անհամապատասխանության վրա, որ գոյություն ունի ադրբեջանական կողմից հնչող մեղադրանքների և իրականության միջև: Դիտարկման տարածքը հրդեհված չէր, ինչպես նախօրեին հաղորդել էր ադրբեջանական կողմը», հայտնեցին ԼՂՀ ԱԳՆ-ից:
«Փաստն արձանագրվել է դիտորդական առաքելության կողմից: ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչությունում այդ ապատեղեկատվությունը գնահատում են որպես ԵԱՀԿ դիտարկումը խափանելու փորձ, ինչն արդեն մի քանի անգամ տեղ է գտել պաշտոնական Բաքվի մեղքով»,- նշեցին արտաքին քաղաքականության գերատեսչությունում:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության և Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:-0-