Լեռնային Ղարաբաղի նախագահը ստորագրել է մի շարք հրամանագրեր

14.07.2008, 13:56
Լեռնային Ղարաբաղի նախագահը ստորագրել է մի շարք հրամանագրեր

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շաբաթ օրը հրամանագիր է ստորագրել` Հայկ Թորոսյանին հինգ տարի պաշտոնավարման ժամկետով ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամ նշանակելու մասին։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նույն օրը ԼՂՀ նախագահի այլ հրամանագրով հաստատվել է Ղարաբաղի նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովի նոր կազմը։

Հանձնաժողովի կազմում են ԼՂՀ գրողների միության վարչության նախագահ, բանաստեղծ, հրապարակախոս, բանասիրական գիտությունների դոկտոր (հանձնաժողովի նախագահ) Վարդան Հակոբյանը, ԼՂՀ նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության իրավաբանական բաժնի վարիչ  (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար) Արայիկ Լազարյանը, վիրաբույժ, ԼՂՀ  կառավարությանն առընթեր ոստիկանության բժշկական ծառայության պետ Սերգեյ Մովսիսյանը, ԼՂՀ պաշտպանության բանակի  անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Գարիկ Ժամհարյանը, ԼՂՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ալբերտ Խաչիյանը, ԼՂՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի ներկայացուցիչ Տեր-Մինաս քահանա Մովսիսյանը, ԼՂՀ Ազգային ժողովի պետա-իրավական հանձնաժողովի նախագահ Գարիկ Գրիգորյանը, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զոհված ազատամարտիկների հարազատների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Գալյա Առստամյանը։-0-