Ղարաբաղի նախագահը ողջունում է ՌԴ Վլադիմիրի մարզի հետ համագործակցության պայմանագիրը
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը բարձր է գնահատել ընկերության և համագործակցության պայմանագիրը, որն անցած հինգշաբթի ստորագրվել է Ստեփանակերտի և Ռուսաստանի Վլադիմիր մարզի Կալչուգինո քաղաքի միջև։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվության վարչությունից, Բակո Սահակյանի կողմից նման գնահատական է տրվել շաբաթ Կոլչուգինոյի շրջանի վարչակազմի ղեկավար, ակադեմիկոս Վիկտոր Կատուշևի գլխավորությամբ Ռուսաստանի Դաշնության Վլադիմիրի մարզի պատվիրակության հետ ունեցած հանդիպմանը։
Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել Ստեփանակերտ և Կոլչուգինո քաղաքների, ինչպես նաև Արցախի և Վլադիմիրի պետական համալսարանների միջև կնքված համագործակցության պայմանագրերի կապակցությամբ՝ դա համարելով երկկողմ հարաբերությունների զարգացման խոստումնալից հիմք:
Հանդիպման ժամանակ քննարկվել են Արցախում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարների, ինչպես նաև Վլադիմիրի մարզի և Լեռնային Ղարաբաղի միջև տնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում կապերի հաստատմանը վերաբերող մի շարք հարցեր:
Պատվիրակության կազմում էին Վլադիմիրի պետական համալսարանի պրոռեկտոր, տարածաշրջանային միջբուհական ինովացիոն կենտրոնի ղեկավար, ակադեմիկոս Վլադիմիր Կեչինը, «Ադամանդ» ընկերությունների միավորման նախագահ Հրաչյա Ավագյանը և Վլադիմիրի մարզի հայկական համայնքի ղեկավար Կամո Գասպարյանը:
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ վարչապետը, ֆինանսների և տնտեսական զարգացման նախարարները, Ստեփանակերտի քաղաքապետը: -0-