«Շուշի» հիմնադրամը մտադիր է կազմակերպել հայ ուսանողների այցը բերդ-քաղաք

«Շուշի» բարեգործական հիմնադրամը մտադիր է ամառվա ընթացքում կազմակերպել 30-40 հազար հայ ուսանողների այցելությունը Շուշի բերդ-քաղաք, ասաց Հիմնադրամի նախագահ Բակուր Կարապետյանը։
«Մենք ցանկանում ենք մեր ուսանողներին Շուշի տանել, որպեսզի նրանք տեսնեն այդ վայրը, վայելեն այդ բնությունը, իսկապես սիրեն այդ քաղաքը և հետագայում հոգան նրա մասին»,- ասաց Կարապետյանը չորեքշաբթի՝ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով, հայ երիտասարդության շրջանում պետք է զարգացնել այն միտքը, որ Շուշին հայերի Հայրենիքն է։
Կարապետյանը նաև տեղեկացրեց, որ Հիմնադրամը «Շուշի-տուր» ղարաբաղյան կազմակերպության հետ համատեղ քաղաքում հատուկ վրանային ճամբար է ստեղծել զբոսաշրջիկների համար։
«Մենք չորսօրյա ուղևորություններ ենք կազմակերպում, որոնց շրջանակներում զբոսաշրջիկները կարող են այցելել բերդ-քաղաքի տեսարժան վայրերը, տեսնել նրա հրաշալի բնությունը, յուրահատուկ քարանձավները, ինչպես նաև բազմաթիվ հնադարյան շինությունները»,- ասաց Կարապետյանը։
Նա նշեց, որ ուղևորության արժեքը կազմում է 16 հազար դրամ (50 դոլար), դրա մեջ մտնում է սննդի և վրանում գիշերելու արժեքը։
Շուշին Լեռնային Ղարաբաղի մեծությամբ երկրորդ քաղաքն է, որը գտնվում է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտից 10 կմ հեռավորության վրա։ Շուշիի մասին առաջին հիշատակումները արվել են XVIII դարի սկզբին, երբ հիմնադրվել է ամրոցը։
Շուշիում են գտնվում տարբեր մշակույթներին պատկանող բացառիկ ճարտարապետական հուշարձաններ, այստեղ ծնվել և մեծացել են բազմաթիվ հայտնի ազգային և հասարակական գործիչներ։
«Շուշի» հիմնադրամը ստեղծվել է 2001 թվականին՝ գրող-հրապարակախոս Բակուր Կարապետյանի կողմից։
Հիմնադրամի նպատակն է՝ աջակցել Ղարաբաղի և Շուշիի տնտեսական և մշակութային զարգացմանը, ինչպես նաև բարոյա-հոգևոր վերելքին, համակարգող դեր կատարել արտասահմանցի և հայ ներդնողների համար, վերականգնել բերդ-քաղաքը, փորձելով հնարվորինս պահպանել նրա պատմաճարտարապետական մթնոլորտը, որը եղել է մինչը 1920 թվականի մարտը, ինչպես նաև Շուշիի համահայկական դերը։--0—