Լեռնային Ղարաբաղի նախագահն այցելել է Վանք գյուղ

04.05.2008, 14:28
Լեռնային Ղարաբաղի նախագահն այցելել է Վանք գյուղ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 մայսիս. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այցելել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղ, որտեղ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Վանքի ենթաշրջանի տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հետ:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, խորհրդակցությանը քննարկվել են ենթաշրջանում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակը, առկա հիմնախնդիրներն և դրանց լուծման ուղիները:

Առանձնակի ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության, ոռոգման համակարգի, փայտամշակման արդյունաբերության, ինչպես նաև զբոսաշրջության և ժողովրդագրական իրավիճակի հետ կապված հարցերին:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ հնարավորինս կարճ ժամանակաընթացքում պետք է կառավարությանը ներկայացվի գյուղատնտեսության զարգացման մանրակրկիտ ծրագիր, որի հիման վրա էլ 2009թ. կիրականացվեն համապատասխան աշխատանքները։

ԼՂՀ նախագահի խոսքով, ցանկացած ծրագրի հաջողության հիմքում պետք է ընկած լինեն փոխգործակցության մթնոլորտի ձևավորումը, կարգապահությունն և աշխատանքների որակյալ իրականացումը:

 

Խորհրդակցությանը ներկա էին փոխվարչապետ, գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը և տնտեսական զարգացման նախարար Բենիկ Բաբայանը:-0-