Ղարաբաղում անհրաժեշտ է ստեղծել ժամանակակից պահանջներին համապատասխան կրթական համակարգ. ԼՂՀ վարչապետ

23.04.2008, 14:16
Ղարաբաղում անհրաժեշտ է ստեղծել ժամանակակից պահանջներին համապատասխան կրթական համակարգ. ԼՂՀ վարչապետ

Լեռնային Ղարաբաղում անհրաժեշտ է ունենալ այնպիսի կրթական համակարգ, որ բավարարի ժամանակակից պահանջները և նպաստի հանրապետության տնտեսական զարգացմանը, նախօրեին հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը՝ Ստեփանակերտ ժամանած ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ. պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

Հայաստանի պատվիրակության կազմում էին նախարարության ղեկավար անձնակազմի ներկայացուցիչներ և ՀՀ մի շարք անվանի բուհերի ու կրթական հաստատությունների ղեկավարներ: Հյուրերը ծանոթացել են Լեռնային Ղարաբաղում կրթական, հատկապես բուհական ոլորտի խնդիրներին։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ կառավարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երկու օրվա ընթացքում հայ մասնագետները բավական դիտարկումներ են կատարել Ստեփանակերտի բուհական և  այլ ուսումնական հասատատություններում և արդեն ունեն որոշակի առաջարկություններ։ Դրանց մի մասը հնչել են խորհրդակցության ընթացքում, որոնց հեղինակներն են ինչպես ՀՀ ԿԳ նախարարն ու նրա տեղակալը, այնպես էլ երեանյան մի շարք պետական համալսարանների ռեկտորներ։

 ՀՀ կրթության և գիտության նախարարը հայտարարել է, որ ներկայումս վարվող կրթական քաղաքականության նպատակն է՝ Հայաստանը դարձնել տարածաշրջանային կենտրոն, այլև՝ վերածվել կրթական որակյալ ծառայություններ մատուցող երկրի։

 «ՀՀ կրթական զարգացումները պետք է իրենց արտահայտությունը գտնեն նաև Լեռնային Ղարաբաղում», - նշել է Մկրտչյանը։ Պատվիրակության անդամները անդրադարձել են համագործակցության ձևին, ավագ դպրոցի ստեղծման խնդիրներին և Բոլոնյան գործընթացին ներգրավվելու հեռանկարին։

ՀՀ պետական ագրարային համալսարանի ռեկտոր Թարվերդյանը հայտարարել է, որ կատարված դիտարկումների հիման վրա և ելնելով կրթագիտական նպատակահարմարությունից՝ հանգել են եզրակացության, որ Ղարաբաղում անհրաժեշտ է բացել այդ համալսարանի մասնաճյուղը՝ ԼՂՀ-ն գյուղատնտեսական որակյալ կադրերով ապահովելու հեռանկարով։

ԼՂՀ կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանի ելույթում նշվել են այն հիմնահարցերը, որ հարկ է առաջնահերթորեն հաղթահարել՝ արդյունավետ բարեփոխումներ իրականացնելու համար։

«Էական փոփոխություններ պետք է կատարվեն հատկապես ԱրՊՀ-ում, հարկ է անցնել կրեդիտային համակարգի», - ընդգծել է Խաչատրյանը։

Խորհրդակցությունում խոսք է բացվել նաև մասնավոր բուհերի մասին։ ԼՂՀ կառավարության ղեկավարը մասնավորապես նշել է, որ այսուհետ պետական խիստ վերաբերմունք է լինելու այդ հաստատությունների նկատմամբ, որոնք ավելի հաճախ զբաղված են մարդկանց դիպլոմ հատկացնելու գործով և կրթական պահանջները չբավարարող մասնավոր բուհերը կփակվեն։

Խորհրդակցությանը մասնակցել են երկու հայկական հանրապետությունների կրթական բնագավառի պատասխանատուները։--0-