ԼՂՀ նախագահը պարգևատրել է ԼՂՀ Պաշտպանության բանակի մի շարք զինծառայողների

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 մարտի./Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն այցելել է 5-րդ պաշտպանական շրջան և մասնակցել մի խումբ զինծառայողների պարգևատրման արարողությանը:
Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչությունից, այցը սկսվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից, որտեղ նախագահը «Արիության համար» մեդալով պարգևատրել է մարտի 4-ին մարտական գործողությունների ժամանակ վիրավորված և այստեղ ապաքինվող ՊԲ մայոր Խաչիկ Թավադյանին:
Այնուհետև ԼՂՀ զինված ուժերի գերագույն հրամանատարը պարգևներ է հանձնել 5-րդ պաշտպանական շրջանի զորամասերից մեկում:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել զինծառայողներին` նրանց ցուցաբերած խիզախության և արիության համար: Նախագահը նշել է, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի գործողությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին ԼՂՀ զինված ուժերի մարտունակության բարձր աստիճանը:
ԼՂՀ նախագահի խոսքով, այն հանգամանքը, որ պարգևատրվածների մեջ կան նաև երիտասարդ զինծառայողներ, վկայում է, որ մատաղ սերունդը դաստիարակվել է հայրենասիրության բարձր գաղափարներով և հետամուտ է հայրերի և ավագ եղբայրների հայրենանվեր գործին:
Բակո Սահակյանն ընդգծել է նաև, որ ԼՂՀ իշխանությունները շարունակելու են զինված ուժերի պատրաստվածությունը, տեխնիկական հագեցվածությունը բարձրացնելուն ուղղված քաղաքականությունը, ինչպես նաև ուշադրության կենտրոնում են պահելու Պաշտպանության բանակի անձնակազմի սոցիալական և կենցաղային պայմանների բարելավման հարցերը:
Պարգևատրման արարողությունից հետո երկրի ղեկավարն այցելել է Մարտակերտ շրջկենտրոն և աշխատանքային խորհրդակցություն անցկացրել շրջվարչակազմի աշխատակիցների հետ:
Խորհրդակցության ընթացքում շրջվարչակազմի համապատասխան բաժինների ղեկավարները նախագահին զեկուցել են շրջանում տիրող իրավիճակի և կատարվող աշխատանքների ընթացքի մասին: Բակո Սահակյանը նշել է, որ օրինականության, արդարության սկզբունքերը հանդիսանում են ցանկացած նախաձեռնության հաջողության գրավականը: Նա կարևորել է նաև նման հանդիպումների պարբերական անցկացումը և շեշտել, որ հաճախակի է այցելելու տարբեր բնակավայրեր` տեղում ծանոթանալու և համպատասխան լուծումներ տալու առկա հիմնախնդիրներին:
Այցի ընթացքում ԼՂՀ նախագահին ուղեկցում էին պաշտպանության, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարները, պաշտոնատար այլ անձինք: --0—