Լեռնային Ղարաբաղում հաստատվել են էներգետիկայի և հաղորդակցման ոլորտին վերաբերող մի շարք նախագծեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունվարի./Նովոստի-Արմենիա/.Ստեփանակերտում հինգշաբթի տեղի ունեցած ԼՂՀ հանրային ծառայությունների կարգավորման և տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել են և հաստատվել որոշումների նախագծեր, որոնք վերաբերում են էներգետիկ ոլորտին և հաղորդակցման ծառայություններին։
Ինչպես Ստեփանակերտից հայտնեց «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, նիստի ընթացքում, մասնավորապես, հաստատվել է ԼՂՀ էներգետիկ ոլորտում էլեկտրոէներգիայի արտադրության և տեղաբախման լիցենզավորման կարգը։ Կասեցվել է տվյալների փոխանցման և հեռախոսային ծառայությունների լիցենզիաների գործունեությունը։
Հանձնաժողովի նախագահ Վաչե Ադամյանը ներկաներին հիշեցրել է, որ հանձնաժողովի գործունեության ոլորտի մեջ մտնում են էներգետիկայի համակարգերը (էլեկտրաէներգետիկա, ջերմամատակարարում, գազամատակարարում), ջրամատակարարումը, հեռուստահաղորդակցումը (ռադիո, հեռուստատեսություն), փոստային կապը, տնտեսական մրցակցությունը։
Հանձնաժողովի ղեկավարը աշխատանքների ծավալի մեծացման արդյունքում նշել է հանձնաժողովի հաստիքների ընդլայնման անհրաժեշտության մասին։
Նիստը բաց է եղել։ Նիստին մասնակցել են հանրապետության շահագրգիռ կառույցների, ոչ կառավարական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։
ԼՂՀ հանրային ծառայությունների կարգավորման և տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը ստեղծվել է 2007թ. ամռանը, տնտեսվարող սուբյեկտների համար հավասար պայմաններ ստեղծելու, մատակարարների և սպառողների իրավունքներն ու շահերը պաշտպանելու, շուկաների ձևավորմանը նպաստելու, կազմակերպություններին գործունեության թույլատրություն տալու, գնագոյացման քաղաքականություն վարելու, վերահսկվող ընկերությունների ֆինանսա-տնտեսական գործունեությունը վերլուծելու, ներդրումային ծրագրերի համաձայնեցման և պաշարների օգտագործման արդյունավետությունն ապահովելու նպատակով։
Որպես հիմք ընդունելով «Հասարակական ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին» ԼՂՀ օրենքի 7-րդ հոոդվածի 2-րդ կետը , ԼՂՀ նախագահի 2007թ. հուլիսի 12-ի հրամանագրով նշանակվել են հանձնաժողովի անդամներ՝ 1-ից 5 տարի իրավասությունների ժամկետով։–0--