ԼՂՀ վարչապետն այցելել է Մարտակերտի շրջանի մի շարք գյուղեր
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը նախօրեին աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանի մի շարք գյուղերում և ներկա գտնվեց տեղական համայնքապետերի տարեկան հաշվետվությունների քննարկումներին։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խոսելով բնակարանաշինության խնդրի մասին՝ վարչապետը նշել է, որ մոտ ապագայում պետբյուջեի միջոցներով տներ կկառուցվեն, առաջին հերթին զոհված ազատամարտիկների ընտանիքների համար, ապա նաև՝ պատերազմի հաշմանդամների և հատկապես կարիքավոր ընտանիքների համար։
«Սակայն մյուս կարիքավորներին ևս կհասցեագրվի պետական աջակցություն»,-նշել է Հարությունյանը։ Նա հայտնել է, որ ԼՂՀ կառավարությունը երկարաժամկետ անտոկոս վարկեր կտրամադրի նրանց, ովքեր այդ միջոցներով և սեփական ջանքերով տուն կառուցելու կամ իրենց տունը վերանորոգելու ցանկություն կհայտնեն։
Վերին Հոռաթաղ, Հարությունագոմեր և Վաղուհաս գյուղերի գյուղապետերի հաշվետվություններով, 2007թ. համայնքային բյուջեները կատարվել են ավելի քան 100 տոկոսով։ Սակայն մտահոգիչ կացություն է ստեղծվել հողի մշակության գործում. այս ենթագոտում շատ քիչ աշնանացան է կատարվել՝ հիմնականում գյուղտեխնիկայի և այլ միջոցների սակավության պատճառով։
Հիմնախնդրի առթիվ ԼՂՀ վարչապետը հայտարարել է, որ կառավարությունը նոր քաղաքականություն է նախաձեռնել գյուղատնտեսության ոլորտում՝ նշելով, որ ընթացիկ տարում լուրջ օժանդակություն կտրամադրվի գյուղի տնտեսվարողներին և ֆինանսական, և սերմերի, պարարտանյութերի ու դիզվառելիքի, և մասնագիտական առումներով։
ԼՂՀ վարչապետին ուղեկցում էր Մարտակերտի շրջանի ղեկավար Սերգեյ Օհանյանը։–0—

