Ղարաբաղի իշխանությունները շահագրգիռ են երկրի հասարակական կյանքում երիտասարդության ներգրավմամբ

18.12.2007, 19:26
Ղարաբաղի իշխանությունները շահագրգիռ են երկրի հասարակական կյանքում երիտասարդության ներգրավմամբ

Լեռնային Ղարաբաղի իշխանությունները շահագրգիռ են երկրի հասարակական կյանքում երիտասարդության ներգրավմամբ, հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչերի հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահն  ընդգծել է, որ յուրաքանչյուր երիտասարդական կազմակերպություն պետք է պահպանի իր յուրահատկությունը` միաժամանակ սերտորեն համագործակցելով հանրապետության համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների լուծման գործում: Ըստ նախագահի, դա էլ կհանդիսանա համալիր ծրագրերի իրականացման արդյունավետության գրավականը:

Երկրի ղեկավարը կարևորել է նաև երիտասարդական կազմակերպությունների գործունեության ակտիվացումը շրջաններում և հատկապես Շուշի քաղաքում:

Իր հերթին երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները ծանոթացրել են նախագահին իրենց կողմից իրականացվող աշխատանքների ընթացքին և հեռանկարներին։

Հանդիպմանը քննարկվել է երիտասարդությանը հուզող խնդիրների լայն շրջանակ:

Հանրապետության երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները ողջունել են նման հանդիպումներին պարբերական բնույթ հաղորդելու նախագահի պատրաստակամությունը:

Հանդիպմանը ներկա էր նաև ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նորեկ Գասպարյանը:

Լեռնային Ղարաբաղում ներկայումս գործում է ավելի քան 10 երիտասարդական կազմակերպություն։–0—