ԼՂՀ վարչապետի մոտ անցկացված խորհրակցության ժամանակ քննարկվել են հանրապետությունում հայկական հեռուստաալիքների սփռմանն առնչվող հարցերը
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ կազմակերպված խորհրդակցության ժամանակ քննարկվել են Ղարաբաղում հայկական հեռուստաալիքների սփռմանն առնչվող հարցերը։
Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ընթացքում «Արցախկապ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Գարիկ Գրիգորյանը տեղեկացրել է, որ ԼՂՀ տարածքի ավելի քան կեսում անհասանելի են Արցախի և Հայաստանի հեռուստաալիքները։
Հանրապետության ղեկավարության հանձնարարականով, «Արցախկապ» ընկերությունը վերջին ամիսներին նոր հեռահաղորդակներ է տեղադրել Արցախի որոշ շրջաններում, ինչի շնորհիվ զգալիորեն ընդարձակվել են սփռման գոտիները։ Սակայն մեծածավալ աշխատանք է պետք ամբողջ հանրապետությունը «հեռուստատեսային» դարձնելու համար։
Այդ նպատակով ԼՂՀ 2008թ. պետբյուջեից կհատկացվի 150 միլիոն դրամ, կպահանջվի գրեթե նույնքան գումար ևս։
Ղարաբաղի վարչապետը հանձնարարել է 1,5 տարվա ընթացքում ավարտել նախատեսված ծրագիրն այն հեռանկարով, որ Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքում ցանկալի հեռուստաալիքներն անխափան սփռվեն։
Խորհրդակցությունում վերերկրյա հեռուստահաղորդիչ կայաններով խնդիրը լուծելու տարբերակին զուգահեռ քննարկվել է նաև արբանյակային կապով հեռահաղորդման լիակատար գոտի ունենալու հարցը։
Մասնագետների հավաստմամբ՝ այդ տարբերակն առավել որակյալ, դյուրին ու էժան է։
ԼՂՀ կառավարության ղեկավարը իրավասու կառույցների ղեկավարներին հանձնարարել է մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել հետագա աշխատանքների ժամանակացույցը և հիմնավորում-ծրագիր՝ արբանյակային կապի վերաբերյալ։-0-