ԼՂՀ նախագահը ծանոթացել է Շուշի քաղաքի մշակութային կենտրոնների գործունեության հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ այցելել է Շուշի մշակութային օբյեկտների գործունեությանը ծանոթանալու նպատակով։
Ինչպես Ստեփանակերտից հայտնեց «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, այցի ժամանակ ԼՂՀ նախագահը և նրան ուղեկցող անձինք այցելել են հին Շուշիի պատկերասրահ, Սոս Սարգսյանի անվան մանկա-պատանեկան թատրոն, Երվանդ Մանարյանի անվան դրամատիկ և տիկնիկային թատրոն։
Նախագահը ծանոթացել է նաև Շուշիի մի շարք կիսաքանդ շենքերի վիճակին և կոնկրետ հանձնարարականներ տվել համապատասխան գերատեսչություններին այդ շինությունները վերակառուցելու և մշակույթի օջախները տեղափոխելու վերաբերյալ։
ԼՂՀ Շուշիի վարչակազմի ղեկավար Վարդան Գաբրիելյանի խոսքերով, նորոգման աշխատանքները կսկսվեն 2008-ին։
Շուշի այցելության ավարտին ԼՂՀ նախագահը այցելել է նաև Ստեփանակերտի նոր ավտոկայանը՝ տեղում ծանոթանալով շինության պայմաններին։
ԼՂՀ նախագահին ուղեկցել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը և հանրապետության կառավարության շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ։
Շուշին մեծությամբ Լեռնային Ղարաբաղի երկրորդ քաղաքն է։ Այն գտնվում է Ստեփանակերտից 10 կմ. հեռավորության վրա։ Շուշիի մասին առաջին հիշատակումը գտնում ենք 17-րդ դարում, երբ հիմնվել է ամրոցը։
Շուշիում են գտնվում հռչակավոր ճարտարապետական հուշարձաններ, որոնք պատկանում են տարբեր մշակույթների, այստեղ են ծնվել և մեծացել շատ հայտնի ազգային և հասարակական գործիչներ։--0--

