ԼՂՀ Ազգային ժողովի հերթական նիստում ընդունվել է 20 օրինագիծ

13.12.2007, 11:32
ԼՂՀ Ազգային ժողովի հերթական նիստում ընդունվել է 20 օրինագիծ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նախօրեին Ստեփանակերտում տեղի ունեցած հերթական լիագումար նիստի ընթացքում ԼՂՀ Ազգային ժողովն ընդունել է 20 օրինագիծ։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ԼՂՀ խորհրդարանի լրատվական ծառայությունից, նիստի ընթացքում հավանության են արժանացել ԼՂՀ «Ակցիզային տուրքի մասին», «Հավելյալ արժեքի հարկի մասին» և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերը, ինչպես նաև «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերը։

Բացի այդ, փոփոխություններ և լրացումներ են կատարվել  «ԼՂՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Հողի հարկի մասին», «Ընդերքի ուսումնասիրության և օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրելու (կոնցեսիայի) մասին», «Փոստային կապերի մասին», «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերը։

ԼՂՀ խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ ընդունեցին «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին», «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին», «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» և «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքները։

Նիստի ժամանակ հաստատվեցին նաև «ԼՂՀ կառավարության կառուցվածքի մասին», «Վերահսկիչ պալատի մասին»,  «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» և «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրինագծերը։--0—