Ստեփանակերտում քննարկվել են հանրապետությունում տուրիզմի զարգացմանն առնչվող հարցեր

05.12.2007, 11:44
Ստեփանակերտում քննարկվել են հանրապետությունում տուրիզմի զարգացմանն առնչվող հարցեր

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տուրիզմի զարգացման հարցերն են քննարվել  ԼՂՀ Տուրիզմի զարգացման գործակալության նախաձեռնությամբ կազմակերպված խորհրդաժողովի ժամանակ։

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, Տուրիզմի զարգացման գործակալության տնօրեն Սերգեյ Շահվերդյանը տեղեկացրել է, որ 2007 թ.-ին Ղարաբաղում բացվել է երկու նոր հյուրանոց՝ «Արմենիա»՝ Ստեփանակերտի կենտրոնում և «Ծովին քար»՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վանք գյուղում, Հադրութի շրջանում՝ Թոգ գյուղի մոտ բացվել է «Ջրաշխարհ» հանգստի գոտին, իսկ Ասկերանի շրջանի Ղշլաղ գյուղում բացվել է ազգրագրական թաղամաս։

«Ներկա դրությամբ Լեռնային Ղարաբաղում գործող հյուրանոցները կարող են միաժամանակ տեղավորել 422 զբոսաշրջիկ, ինչը 20 տոկոսով ավելի է 2006 թ. ցուցանիշից»,- նշել է Ս. Շահվերդյանը՝ խորհրդաժողովի ընթացքում ներկայացնելով գործակալության կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքները։ Սակայն, նրա խոսքերով, հյուրանոցների բեռնվածությունը կազմում է առկա հզորության միայն 10 տոկոսը, ինչը պայմանավորված է բարձր գներով։

Խորհրդաժողովի ընթացքում նշվել է նաև տուրիզմի բնագավառը համակարգող միասնական մարմին ստեղծելու, ինչպես նաև զբոսաշրջության ուղեցույց մշակելու  անհրաժեշտությունը։

2008 թ.-ին Լեռնային Ղարաբաղի տուրիզմի բնագավառի զարգացման համար պետությունը մտադիր է հատկացնել 10 միլիոն դրամ (32,6 հազ. դոլար)՝ նախկին 2 միլիոն դրամի (շուրջ 6,5 հազ. դոլար) փոխարեն, որոնք հիմնականում կուղղվեն հետազոտությունների անցկացմանը, տարբեր նախագծերի մշակմանը, համապատասխան գրականության հրատարակմանն ու տարբեր տեսակի նախապատրաստական աշխատանքների իրականացմանը։-0-