Ֆրանսիայում տեղի են ունեցել Շուշի քաղաքին նվիրված միջոցառումներ

22.11.2007, 14:09
Ֆրանսիայում տեղի են ունեցել Շուշի քաղաքին նվիրված միջոցառումներ

Ֆրանսիայում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ, որոնց նպատակն է աջակցել հայոց բերդաքաղաք Շուշիի վերականգնմանն ուղղված  «Շուշի վերածնունդ» հիմնադրամի ծրագրերին:

 Միջոցառումներին մասնակցել են հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև ֆրանսիացի հայտնի հասարակական գործիչներ:

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին «Շուշի վերածնունդ» հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից, նոյեմբերի 11-ին Լիոնի արվարձանային Դեսին քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի հայկական դաշնության (EAFJD) կողմից կազմակերպված Լեռնային Ղարաբաղի հանրապետությանը նվիրված միջոցառում, որին մասնակցել են հայ համայնքի մոտ 600 ներկայացուցիչներ:  

Միջոցառման շրջանակներում կայացել է նաև «Շուշի վերածնունդ» հիմնադրամի գործունեության շնորհանդեսը, ցուցադրվել է «Մեր Շուշին» փաստավավերագրական տեսաֆիլմը, ներկայացվել է Հիմնադրամի կողմից մշակված  սոցիալ-տնտեսական ամենածավալուն ծրագրերից մեկը` Շուշիի ջրամատակարարման և կոյուղու նախագիծը:

Ծրագրերին ակտիվ մասնակցելու կոչով ներկաներին են դիմել Եվրոպայի հայկական դաշնության նախագահ, «Շուշի վերածնունդ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Հիլդա Չոբոյանը, Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, հայտնի քաղաքագետ Ժերար Շալյանը: Ելույթ ունեցավ նաև Դեսինի քաղաքապետ Պյեր Կռեյոզը:

Միջոցառման անցկացման օրերին նման կոչով են հանդես եկել նաև ֆրանսիացի կինոռեժիսոր, “Տաքսի” հանրահայտ ֆիլմի հեղինակ Ժերար Կրավզիկը, ֆրանսահայ հայտնի նկարիչ Ժանսեմը, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Ալեքսի Գոֆսիյանը, ինչպես նաև Մեզյո քաղաքի քաղաքապետ Միշել Ֆորեսյեն:

Շուշին Լեռնային Ղարաբաղի մեծությամբ երկրորդ քաղաքն է, որը գտնվում է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտից 10 կմ հեռավորության վրա։ Շուշիի մասին առաջին հիշատակումները արվել են XVIII դարի սկզբին, երբ հիմնադրվել է ամրոցը։

Շուշիում են գտնվում տարբեր մշակույթներին պատկանող բացառիկ ճարտարապետական հուշարձաններ, այստեղ ծնվել և մեծացել են բազմաթիվ հայտնի ազգային և հասարակական գործիչներ։-0-