Ղարաբաղի Ազգային ժողովը հավանություն է տվել ԼՂՀ նոր կառավարության գործունեության ծրագրին

18.10.2007, 11:43
Ղարաբաղի Ազգային ժողովը հավանություն է տվել ԼՂՀ նոր կառավարության գործունեության ծրագրին

Չորեքշաբթի Ստեփանակերտում տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի հերթական լիագումար նիստի ժամանակ  միաձայն հավանության է արժանացել ԼՂՀ նոր կառավարության առաջիկա 5 տարվա համար նախատեսվող գործունեության ծրագիրը։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից, ներկայացնելով ծրագիրը՝ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հայտարարել է, որ փաստաթղթի հիմքում ընկած են ԼՂՀ նախագահի նախընտրական ծրագրի հիմնական կետերը, ինչպես նաև հանրապետության քաղաքական առաջատար ուժերի ծրագրային մի շարք կետեր։

«Հետագա հինգ տարիների ընթացքում ծրագրվում է ԼՂՀ-ում համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ամենամյա 14-15 տոկոս աճ, հանրապետություն արվող ներդումների ամենամյա 30 տոկոս աճ։ 2008 թ.-ի հունվարի մեկից թոշակների չափը կավելանա 60 տոկոսով, իսկ մինչև 2013 թ.-ը՝ 2,5 անգամ», - տեղեկացրել է Ա. Հարությունյանը՝ ավելացնելով, որ կառավարության ծրագրում մեծ ուշադրության է արժանացած սոցիալական ոլորտը։

Միաժամանակ նա նշել է, որ սպասվում են զգալի փոփոխություններ, մասնավորապես հանրապետության բնակչության անապահով շերտերին և զոհված ազատամարտիների բարեկամներին աջակցություն ցուցաբերելու գործում, ինչպես նաև երիտասարդ ընտանիքների ամրապնդման գործում։

«ԼՂՀ կառավարությունը վճռորոշ քայլեր է ձեռնարկում ծնելիության խթանման, բնակեցման ակտիվացման, բնակարանաշինության ծավալների ընդլայնման, ջրամատակարարման ապահովման և բուժծառայության մակարդակի բարձրացման ուղղությամբ», - նշել է Ա. Հարությունյանը։

Ղարաբաղի վարչապետը նաև հայտարարել է, որ նպատակաուղղված պայքար է տարվելու կոռուպցիայի դեմ և հաղթահարվելու է ստվերային տնտեսությունը։ Նրա խոսքերով, նախատեսվում են լուրջ բարեփոխումներ գյուղատնտեսության ոլորտում։

«Նոր կառավարության գործունեության ծրագրում նշված են նաև հանրապետությունում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործմանը, սոցիալական նոր ծրագրերի մշակմանը և Արցախի ու Սփյուռքի միջև համագործակցության խորացմանը առնչվող հստակ ծրագրերը», - եզրափակել է Ղարաբաղի վարչապետը։--0--