Հայաստան և Ղարաբաղ կայցելեն Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելոռուսի կազակ ատամանները

17.10.2007, 18:27
Հայաստան և Ղարաբաղ կայցելեն Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելոռուսի կազակ ատամանները

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Երևանում 2007-ի հոկտեմբերի 26-30-ը կանցկացվի Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելոռուսի և Կազակ ատամանների միջազգային խորհրդի մշտական միջպետական կազմխորհրդի նիստը։

Ինչպես տեղեկացրին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթի խմբագրությունից,  նիստը նվիրված է Հայաստանում նշվող 1812-ի Հայրենական պատերազմի հերոս, Ռուսաստանի Թուրքիայի և Պարսկաստանի դեմ մղած պատերազմների մասնակից, հռչակավոր իշխան, գեներալ-լեյտենանտ Վալերիան Մադաթովի 225-ամյակին։

Ծրագրվում է նաև փոխօգնության և համագործակցության մասին պայմանագիր ստորագրել Հայաստանի Հանրապետության և Լեռնային-Ղարաբաղի Հանրապետության ու Ռուսաստանի, Ուկրաինայի, Մերձդնեստրի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Ղրիմի կազակների միության կազակական կազմակերպությունների միջև։

Այցի շրջանակներում նախատեսվում է պատվիրակության հանդիպումը Հայաստանի և ԼՂՀ հասարակական-քաղաքական, զինվորական, կազակական և երիտասարդական շրջանակների հետ, ինչպես նաև առանձնապես աչքի ընկածների պարգևատրումը շքանշաններով և մեդալներով (պարգևատրվելու է 18 հոգի. Հայաստանի ՊՆ ղեկավարությունը, Հայաստանի և ԼՂՀ կառավարության անդամները)։

Բացի այդ, նախատեսվում է այցելել կազակ ջոկատների ճակատամարտերի, ՌԴ զորամասերի տեղակայման վայրերը, ծանոթանալ Հայաստանի պատմա-մշակութային հուշարձաններին և մասնակցել Երևանի Ռուս-Հայկական համալսարանի կազմակերպած երիտասարդական կազմակերպությունների բանավեճերին։

Պատվիրակությունը կայցելի նաև Սարդարապատի ճակատամարտի թանգարան, որտեղ կանցկացվի «Ռուսական զորքերի և կազաչեստվոյի դերը Կովկասի համար ճակատամարտում» թեմայով գիտա-կիրառական խորհրդակցություն։

Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելոռուսի մշտական միջպետական կազմխորհուրդը ղեկավարում է Դոնի մեծազոր զորքի ատաման, կազակ գեներալ, Ռոստովի մարզպետի տեղակալ Վիկտոր Վոդոլացկին, որին 2007-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեց ղեկավարել Դոնի կազակներին արդեն երրորդ անգամ։

2007-ի սեպտեմբերին կազմակերպվեց Կազակ ատամանների միջազգային խորհուրդը (ԿԱՄԽ), որը ղեկավարեց Օրենբուրգի կազակ զորքի ատաման Վլադիմիր Գլուխովսկին։ 2007-ի ամռանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նրան շնորհեց գեներալի կոչում։

Հայկական միջազգային կազակ միավորումը (ՀՄԿՄ) ԿԱՄԽ-ի հիմնադիրներից է։ ԿԱՄԽ-ի մեջ են մտնում նաև Հայաստանի կազակները (ատամանը ՌԴ ԶՈւ գնդապետ Վլադիմիր Խաչատրյանն է)։ ՀՄԿՄ ատաման, գեներալ-մայոր Սերգեյ Մադաթյանը և Ուկրաինայի կազակների գետման, Ուկրաինայի նախագահի վերահսկողության տակ գտնվող ուկրաինական կազակության զարգացման կոմիտեի նախագահ Անատոլի Պոպովիչը ընտրվել են ԿԱՄԽ-ի առաջին փոխնախագահներ։

Հայկական միջազգային կազակ միավորումը իր բաժիններն ունի Ավստրալիայում, ԱՄՆ-ում, Բուլղարիայում, Ղրղզստանում, Հայաստանում, ԼՂՀ-ում, ինչպես նաև Ռուսաստանի շատ մարզերում։ ՀՄԿՄ-ի գլխավոր նպատակն է Ռուսաստանի տարածքային կազակական միավորումների հետ համագործակցության կազմակերպումը՝ բարի փոխհարաբերությունների հաստատման նպատակով, կանխելու համար որևէ ազգային կամ այլ հակամարտություն։--0—