Լեռնային Ղարաբաղը պնդում է բանակցային գործընթացին իր՝ որպես բանակցող կողմի մասնակցությունը

21.09.2007, 16:15
Լեռնային Ղարաբաղը պնդում է բանակցային գործընթացին իր՝ որպես բանակցող կողմի մասնակցությունը
Լեռնային Ղարաբաղը պնդում է բանակցային գործընթացին իր՝ որպես բանակցող կողմի մասնակցությունը

Լեռնային Ղարաբաղը պնդում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին իր՝ որպես բանակցող կողմի մասնակցությունը, ուրբաթ լրագրողներին հայտարարեց  ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։

Նա դրական գնահատեց իր հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 16-ին՝ Ստեփանակերտում։

«Մենք հույս ունենք, որ նման հանդիպումները կնպաստեն ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի պահանջների իրագործմանը, մասնավորապես, Լեռնային-Ղարաբաղի ներգրավմանը բանակցային գործընթացում՝ որպես բանակցող կողմ։ Մենք մեր դիրքորոշումն ու մեր պահանջներն ունենք, և հույս ունեմ, որ դրանք նկատի կառնվեն»,-ասաց ԼՂՀ նախագահը։

Նա միաժամանակ հավելեց, որ Հայաստանը պետք է շարունակի մնալ բանակցային գործընթացի կողմ, քանի որ հենց Հայաստանն է հակամարտության տարածքում խաղաղության երաշխավոր գործոններից մեկը։--0—