Ստեփանակերտում քննարկվել են ռուս-ղարաբաղյան կապերի ամրապնդմանը և ընդլայնմանը վերաբերող հարցեր
Նախօրեին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ռուս մտավորականության ներկայացուցիչներին՝ Բարեկամության և համագործակցության ռուս-հայկական միության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովի գլխավորությամբ։
Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական վարչությունից, զրույցի ընթացքում քննարկվել են ռուս-ղարաբաղյան կապերի ամրապնդմանն ու ընլայնմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ընդգծվել է դրանք որակապես նոր մակարդակի անցկացման անհրաժեշտությունը։
Հանդիպման ավարտին Ռուսաստանից ժամանած հյուրերը ԼՂՀ նախագահին պարգևատրել են հոբելյանական մեդալով։
Ռուսական պատվիրակության կազմում էին ՌԴ գիտական, հասարակական, քաղաքական և մշակութային գործիչներ, լրագրողներ։ Պատվիրակությանն ուղեկցում էր հայտնի գրող և հրապարակախոս Զորի Բալայանը։
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը և Ղարաբաղի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը։-0-