ԼՂՀ-ում անցկացված նախագահական ընտրությունները հաստատել են պատմական հայրենիքում ազատ և անկախ ապրելու Արցախի ժողովրդի միասնական կամքը. Բակո Սահակյան
ԼՂՀ-ում անցկացված նախագահական ընտրությունները հաստատել են պատմական հայրենիքում ազատ և անկախ ապրելու Արցախի ժողովրդի միասնական կամքը։ Ինչպես Ստեփանակերտից հաղորդեց «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, այս մասին ասաց ԼՂՀ նորընտիր նախագահ Բակո Սահակյանը երդման արարողության ժամանակ։
ԼՂՀ նախագահի բարձր և պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ նա բնակչությանը շնորհակալություն հայտնեց 2007-ի հուլիսի 19-ի նախագահական ընտրությունների ակտիվորեն մասնակցելու, իսկ իր ընտրողներին՝ վստահության համար։
Նա բարձր գնահատեց նաև այն քաղաքացիների դիրքորոշումը, որոնք իրենց ձայներն այլ թեկնածուների են տվել, որոնք ևս մտահոգված են երկրի զարգացման և առաջընթացի հարցերով։
«Անցած ընտրությունները հաստատեցին իրենց պատմական հայրենիքում ազատ և անկախ ապրելու Արցախի ժողովրդի միասնական կամքը։ Միևնույն ժամանակ դրսևորվեց լայն հասարակական-քաղաքական շրջանակների վճռական դերը բարձրագույն պետական իշխանության ձևավորման գործընթացի վրա»,-ասաց Սահակյանը։
Նա նշեց, որ որ գալիք հինգ տարիների ընթացքում «կշարունակի բարեկեցիկ և ազատ երկրի շինարարությունը, այդ նպատակի շուրջ համախմբելով ղարաբաղյան հասարակության բոլոր շերտերը»։
Նախագահը նաև իր երախտագիտությունը հայտնեց այլ երկրների կառավարական և ոչ կառավարական կառույցներին, միջազգային կազմակերպություններին, զանգվածային լրատվամիջոցներին, որոնք հուլիսի 19-ի ընտրությունների ժամանակ իրականացրել են դիտորդական առաքելություն։
«Դիտորդների գնահատականներ, անշուշտ, զգալիորեն կնպաստեն մեր հանրապետության, որպես կայացած և միջազգային հանրության ճանաչմանը արժանի պետության վարկանիշի բարձրացմանը։ Մենք բարձր ենք գնահատում նաև ներկայացված դիտողությունները և առաջարկները, որոնք նկատի կառնվեն երկրի ժողովրդավարական համակարգի կատարելագործման ճանապարհին մեր հետագա քայլերը մշակելիս»,-ասաց Սահակյանը։
Նրա խոսքերով, միջազգային դիտորդների գնահատականները, թույլ են տալիս արձանագրել նաև, որ անկախ պետականության տարիներին ստեղծված հիմքերն բավականին ամուր են։
Այդ կապակցությամբ Սահակյանը երախտագիտթյուն է հայտնել ԼՂՀ առաջին և Հայաստանի Հանրապետության ներկայիս նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԼՂՀ-ն որպես անկախ պետության հռչակման, հանրապետության դեմ ուղղված ռազմական ագրեսիայից արդյունավետորեն պաշտպանվելու, առաջին հետպատերազմական տարիներին պետական ինստիտուտների կայացման, տնտեսության և ենթակառույցների վերականգնման, ղարաբաղյան հիմնահարցի արդար կարգավորման գործում ունեցած ներդրման համար։
«Վերջին շրջանի ձեռքբերումները թույլ են տալիս ինձ մեր ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել Լեռնային-Ղարաբաղի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանին, որի անմիջական ղեկավարության ներքո մեր երկիրը վերջին 10 տարիների ընթացքում զգալի առաջընթացի է հասել սոցիալ-տնտեսական բարեփոխումների, հասարակական-քաղաքական կյանքի ժողովրդավարացման և, վերջապես, ընդունել է իր հիմնական օրենքը՝ ԼՂՀ Սահմանադրությունը»,-ասաց Սահակյանը։
Նա հույս հայտնեց, Ղուկասյանի հարուստ փորձը և ընդունակությունները, նրա պետական, քաղաքական և ազգային գործչի մեծ հեղինակությունը հետագայում ևս կծառայեն հայրենիքին։
Ավարտելով ելույթը՝ ԼՂՀ նորընտիր նախագահը շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր իրեն շնորհավորագրեր էին ուղարկել նախագահ դառնալու կապակցությամբ։
«Հավատացնում եմ, որ բոլոր ուժերս, գիտելիքներս և փորձս անմնացորդ կտրամադրեմ ազգին ծառայելուն»,-ասաց Սահակյանը։
ԼՂՀ-ում ուրբաթ տեղի ունեցավ Լեռնային-ղարաբաղի Հանրապետության նորընտիր նախագահ Բակո Սահակյանի երդման արարողությունը։
Արարողությանը մասնակցում է Հայաստանից ժամանած պատվիրակությունը՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։ Հայաստանյան պատվիրակության կազմում են ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, Պնախարար Միքայել Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ Արմեն Ռուստամյանը և Հրանուշ Հակոբյանը, Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը։
Երդման արարողությանը մասնակցում են նաև Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ներկայացուցիչները։
Հանդիսավոր արարողության կապակցությամբ ուրբաթ երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի կունենա համերգ հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ։
Լեռնային Ղարաբաղում հուլիսի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններին հաղթանակ տարավ ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Բակո Սահակյանը։ Հանրապետության ԿԸՀ-ի տվյալներով՝ նրա թեկնածության օգտին քվեարկել է ԼՂՀ 92 հազ. 114 քաղաքացիներից 59 հազ. 326-ը կամ 85,12 տոկոսը։ Նրա հիմնական մրցակիցը Մասիս Մայլյանն էր, որը հավաքել է ձայների 12,53 տոկոսը։
Նախագահական ընտրություններին հետևում էին տարբերի երկրների ավելի քան հարյուր միջազգային դիտորդ, մասնավորապես Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Բելգիայից, Մակեդոնիայից, Սերբիայից, Չեխիայից, ինչպես նաև Աբխազիայից, Հարավային Օսեթիայից և Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետությունից։ --0--

