Ղարաբաղի նախագահական ընտրությունները ազատ էին և լեգիտիմ. դիտորդ Ռուսաստանից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղի նախագահական ընտրությունները ազատ էին, թափանցիկ և լեգիտիմ, և անցկացվում էին այլընտրանքային հիմքի վրա։ Այս մասին ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը փոխանցված՝ ռուսական դիտորդական առաքելության հայտարարության մեջ. Առաքելությունն անց էր կացնում ԼՂՀ հուլիսի 19-ի նախագահական ընտրությունների մոնիտորինգ։
Փաստաթղթում նշվում է, որ ընտրությունների ընթացքում ռուս դիտորդներն այցելել են ԼՂՀ մեծ թվով ընտրատեղամասեր, վերահսկել են ԿԸՀ աշխատանքը, ձայների հաշվարկման ընթացքը։
Ռուսական առաքելության գնահատմամբ՝ ԼՂՀ ԿԸՀ-ն մեծ աշխատանք է տարել՝ այս ընտրությունները պորֆեսիոնալ մակարդակով անցկացնելու համար, նաև բարձր գնահատականի է արժանի ընտրատեղամասային հանձնաժողովների աշխատանքը՝ քվեարկության ընթացքում և ձայների հաշվարկման ժամանակ։
«Մենք որևէ էական խախտում չենք արձանագրել՝ գրանցման, քվեարկության, ձայների հաշվարկման, ԿԸՀ քվեաթերթիկների տեղափոխման ժամանակ։ Որևէ ընտրատեղամասում հանձնաժողովի աշխատանքին միջամտելու փորձ չի արձանագրվել, այդ թվում՝ վարչական և օրինապահ մարմինների կողմից», - նշում են դիտորդները։
Հայտարարության մեջ ասվում է, որ նշված նկատողություններն ու թերությունները ընտրական հանձնաժողովների աշխատանքում տեխնիկական բնույթի էին և դրանց վերացման համար ձեռնարկվել էին բոլոր միջոցները։
«Քվեարկության համար օգտագործված էին թափանցիկ քվեատուփեր, ինչն ապահովում էր քվեարկության ընթացքի թափանցիկությունը, ձայների հաշվարկը կատարվում էր արդյունավետ և թափանցիկ, իսկ դիտորդներին հնարավորություն էր ընձեռված անարգել ծանոթանալ ընտրությունների արդյունքներին, քվեաթերթիկների նմուշներին, նիստերի արձանագրություններին», - նշում են ռուսական առաքելության անդամները։
Նրանք ընդգծել են ընտրողների մեծ ակտիվությունը, նրանց քաղաքացիական դիրքորոշումը, նաև շնորհակալություն հայտնել Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ-ին և ԿԸՀ-ին՝ աջակցության համար։
Ռուսական պատվիրակությունը փաստում է, որ ԼՂՀ-ում ձեռքբերված ժողովրդավարական փոփոխություններն ակնհայտ են, և այս ընտրությունները ակնառու կերպով ներկայացնում են միջազգային հանրությանը, որ ԼՂՀ պետականությունը կայացել է և զարգանում է ժողովրդավարության ընթացակարգի համաձայն։
Միաժամանակ, ՌԴ առաքելության անդամները ափսոսանքով են նշում որոշ օտարերկրյա առաքելությունների ամփոփումները՝ կարծելով, որ ԼՂՀ-ն ունի պատմական և քաղաքաիրավական հիմքեր իր պետական անկախության միջազգային ճանաչման համար։
«ԼՂՀ-ի ժողովրդավարական ձեռքբերումները պահանջում են աջակցություն և ընդունվում միջազգային հանրության կողմից, ինչը կնպաստ էր ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև հակամարտության շուտափույտ կարգավորմանը, տարածաշրջանում կայունության և ամուր խաղաղության հաստատմանը։ Դա կբխեր տարածաշրջանի և ողջ աշխարհի հանրության շահերից», - ասվում է հայտարարության մեջ։
Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում հուլիսի 19-ին անցկացվեցին հերթական նախագահական ընտրությունները։
ԼՂՀ ԿԸՀ նախնական տվյալներով՝ առաջատարն է ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Բակո Սահակյանը. նրա օգտին քվեարկել է 57 հազ. 828 մարդ կամ ընտրություններին մասնակցած քաղաքացիների ընդհանուր թվի 85,42%-ը։ Երկրորդ տեղում է փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը, որին ձայն է տվել 8 հազ. 270 ընտրող կամ ընտրողների 12,21%-ը։ ԼՂՀ Կետրանական ընտրական հանձնաժողովի տեղեկատվության համաձայն, ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել է 71 285 մարդ, այսինքն, ընտրողների 77,36%-ը։--0—

