Հիպոթեքային վարկավորման ծավալները Լեռնային Ղարաբաղում պլանավորվում է ավելացնել հինգ անգամ
Հիպոթեքային վարկավորման ծավալները Լեռնային Ղարաբաղում պլանավորվում է ավելացնել հինգ անգամ։ Այս մասին պատասխանելով հանրապետության «Ազատ Արցախ» թերթի ընթերցողների հարցերին՝ անցյալ շաբաթ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահի թեկնածու Բակո Սահակյանը։
Նրա խոսքերով, այս ծրագիրը մշակվել է շատ լուրջ հաշվարկների և կանխատեսումների հիման վրա, իսկ անհրաժեշտ միջոցները կգտնվեն ինչպես պետական բյուջեում, այնպես էլ այլ աղբյուրներից, մասնավորապես, բանկային կապիտալի ներգրավումից։
«Այս գործընթացը ամբողջովին թափանցիկ է լինելու։ Իհարկե, առաջին հերթին ուշադրություն ենք դարձնելու նոր կազմավորված երիտասարդ ընտանիքներին», - նշել է Սահակյանը։
Միաժամանակ նա ասել է, որ վերջին տարիների ընթացքում երկրում զգալիորեն աշխուժացել է մանր և միջին բիզնեսը, բայց այդ գործընթացը հարկավոր է ավելի դինամիկ դարձնել։
«Մենք պարտավոր ենք ուշադրության կենտրոնում պահել միջին խավի ձևավորման պրոցեսը, քանի որ այդ դեպքում մեր երկրում տնտեսական աճի իրական երաշխիքներ կլինեն։ Նախ և առաջ, մենք կարևորում ենք գյուղատնտեսության վարկավորման համակարգում նոր մեխանիզմների կիրառումը», - ասել է Սահակյանը։
Նա նշել է, որ մինչ օրս գյուղացիները չեն օգտվում պետության վարկային ռեսուրսներից։ «Դա անթույլատրելի է, և մենք անպայման իրավիճակը կարգավորելու օպտիմալ տարբերակներ կգտնենք։ Բացի այդ, մենք մտադիր ենք նաև լրջորեն վերանայել հարկային քաղաքականությունը, ինչը կարծում եմ լրացուցիչ խթան կհանդիսանա բիզնեսի զարգացման համար», - նշել է Սահակյանը։
Հանրապետությունում ժողովրդագրության բարելավման անհրաժեշտության մասին խոսելով, ԼՂՀ նախագահի թեկնածուն ընդգծել է, որ ժողովրդագրական իրավիճակի համար կարևոր է դրա համալիր լուծումը։
«Իմ նախընտրական ծրագրում նոր ամուսնացող զույգերին նախատեսված է հատկացնել 300 հազար դրամ, իսկ երրորդ և չորրորդ երեխաների ծննդյան դեպքում, համապատասխանաբար 3 և 4 հազար դոլար, որոնց մի մասը ծնողները կստանան միանգամից, մյուս մասն էլ՝ երեխայի անունով բանկային ներդրման տեսքով», - նշել է Սահակյանը։
Բացի այդ, նրա խոսքերով, մեծ ուշադրություն են դարձնելու նաև բնակարանային շինարարությանը, կտրամադրվեն հիպոթեքային վարկեր, կստեղծվեն պայմաններ, որպեսզի գյուղի երիտասարդությունը նույնպես կարողանա զբաղվել ձեռնարկատիրությամբ ։
Այս միջոցառումների ողջ համալիրը, նրա խոսքերով, կնպաստի երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը։ «Մենք կարծում ենք, որ պետական աջակցությունն այս ոլորտում կուղղվի անբարենպաստ դրությունը, որից հետո կսկսվի նորմալ զարգացումը», ասել է նախագահի թեկնածուն։
2007թ. հունիսի 20-ից հուլիսի 17-ը ԼՂՀ-ում անցկացվում է ԼՂՀ նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավը։ ԼՂՀ հերթական նախագահական ընտրությունները տեղի կունենան 2007թ. հուլիսի 19-ին։
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցված են նախագահի հինգ թեկնածու` Բակո Սահակյանը (ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար), Մասիս Մայիլյանը (ԼՂՀ արտգործնախարարի տեղակալ), ԱԳ պատգամավոր Արմեն Աբգարյանը, Վանիկ Ավանեսյանը (Արցախի պետական համալսարանի դասախոս), ինչպես նաև ԼՂՀ կոմկուսի ղեկավար Հրանտ Մելքումյանը:--0—