ԼՂՀ նախագահական ընտրությունների հաղթող է դառնալու Բակո Սահակյանը. սոցհարցում

09.07.2007, 16:46
ԼՂՀ նախագահական ընտրությունների հաղթող է դառնալու Բակո Սահակյանը. սոցհարցում
ԼՂՀ նախագահական ընտրությունների հաղթող է դառնալու Բակո Սահակյանը. սոցհարցում

ԼՂՀ նախագահական ընտրություններում կհաղթի Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Բակո Սահակյանը։ Այսպիսի  կանխատեսում է արել «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը՝ երկուշաբթի Երևանում լրագրողներին  ներկայացնելով Ղարաբաղում անցկացված սոցհարցման արդյունքները։

Սոցիոլոգի կարծիքով Բակո Սահակյանը ընտրությունների ժամանակ կարող է հավաքել շուրջ 60%, ինչը նրան հաղթանակ կապահովի ընտրությունների արդեն առաջին փուլում։

«Նույնսիկ եթե բոլոր չկողմնորոշված ընտրողները քվեարկեն վարկանիշով երկրորդ թեկնածուի՝ Մայիս Մայիլյանի օգտին, դա նրան միևնույն է երկրորդ փուլ դուրս գալու հնարավորություն չի տա»,- նշեց Ադիբեկյանը՝ հավելելով, որ Մայիլյանը լավագույն դեպքում կարող է 10%-ի հույս ունենալ։

Ադիբեկյանը նշեց, որ Մայիլյանի 10% կողմնակիցներից միայն 2,5%-ն է հավատում, որ նա կարող է հաղթել առաջիկա ընտրություններում։ Ադիբեկյանը ասաց, որ ձայների 2/3-ը Մայիլյանը կստանա Ստեփանակերտում, մինչդեռ Սահակյանը ավելի մեծ աջակցություն կվայելի մարզերում։

«Սոցիոմետր» կենտրոնի սոցհարցումն անց է կացվել հուլիսի 6-ին՝ Ստեփանակերտում, 6 շրջկենտրոններում և 11 խոշոր բնակավայրերում։ Հարցմանը մասնակցել է 700 մարդ։ Հարցման վիճակագրական անճշտությունը կազմում է 5%։

Նախագահական ընտրությունները ԼՂՀ-ում կանցկացվեն հուլիսի 19-ին։ ԼՂՀ նախընտրական կենտրոնական հանձնաժողովում գրանցվել են հինգ թեկնածուներ՝ Բակո Սահակյանը (ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար), Մայիս Մայիլյանը (ԼՂՀ փոխարտգործնախարար), Արմեն Աբգարյանը (ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր), Վանյա Ավանեսյանը (Արցախյան պետհամալսարանի դասախոս), Հրանտ Մելքումյանը (ԼՂՀ կոմկուսի թեկնածու)։--0—