ԵԱՀԿ Մինսկի խումբը խրախուսում է Ադրբեջանի քմահաճույքները. ԼՂՀ նախագահ
ԵԱՀԿ Մինսկի խումբը խրախուսում է Ադրբեջանի քմահաճույքները՝ հեռանալով ղարաբաղյան հակամարտության կողմերի հարցերի քննարկումից։ Այս մասին, «Լեռնային Ղարաբաղ. կարգավորման հեռանկարներ» զեկույցի ժամանակ հայտարարեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը երեքշաբթի Երևանում, Ռուս-Հայկական (Սլավոնական) Պետական համալսարանում հուլիսի 1-ից 8-ը գործող Ամառային դպրոցի շրջանակներում։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շատ լավ հասկանում են հակամարտության էությունը, նրանք պարզ գիտակցում են, թե ովքեր են ղարաբաղյան հակամարտության փաստացի և տեսական կողմերը, բայց նրանք գործնականում հեռանում են այս հարցի քննարկումից՝ խրախուսելով Ադրբեջանի քմահաճույքները», - ասաց նա՝ ավելացնելով, որ արդեն գրեթե 20 տարի է, ինչ հակամարտությունը գոյություն ունի, սակայն մինչ այժմ վեճեր են ընդանում նրա էության և մասնակիցների վերաբերյալ։
Ղուկասյանի խոսքերով, բանակցությունների ներկայիս ձևաչափը ոչ մի հեռանկար չունի և դա կարող է դառնալ փակուղային իրավիճակի ստեղծման պատճառ։
«Ադրբեջանական կողմը ամեն կերպ փորձում է համոզել համաշխարհային հանրությանը, որ հակամարտության կողմերը միայն Ադրբեջանն ու Հայաստանն են՝ վերջինին մեղադրելով տարածքային պահանջատիրության մեջ», - պարզաբանեց նա։
ԼՂՀ նախագահը նշել է, որ ստեղծված իրավիճակից կարելի է դուրս գալ միայն Ղարաբաղը բանակցությունների սեղանին հետ բերելու դեպքում, ինչի իրագործմանն էլ պետք է ուղղված լինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։
«Այն, որ Ադրբեջանը ձգտում է բանակցություններ վարել միայն Հայաստանի հետ՝ առանց ԼՂՀ մասնակցության, նշանակում է, որ նա չի ձգտում կարգավորել հակամարտությունը, այլ զբաղվում է քարոզչությամբ», - եզրափակեց Ղուկասյանը։
Ղարաբաղյան հակամարտության սկիզբը դրվել է 1988 թ.-ին, երբ առավելապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
Ներկայումս ղարաբաղյան հակամարտության ուղղությամբ բանակցությունները ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, երկկողմանի ձևաչափով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, առանց Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցության։ --0—

