ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Վերջին օրերին Ադրբեջանի առաջին դեմքերն ակտիվացել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հնչող լավատեսական հռետորաբանությամբ։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը պարզաբանումներ ստանալու համար դիմել է քաղաքագետների և ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարին։
Դեկտեմբերի 14–ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2018 թ.–ի մարզական արդյունքներին նվիրված արարողության ժամանակ հայտարարել է, որ այսօր ստեղծվել է բարենպաստ իրավիճակ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։ Իսկ նախօրեին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ձեռք է բերվել փոխըմբռնում Միլանում ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ կայացած բանակցությունների արդյունքում։
«Կարծում եմ, որ իմ հայ գործընկերոջ հետ Միլանում կայացած վերջին հանդիպման ժամանակ մենք երկար ժամանակվա ընթացքում առաջին անգամ հասել ենք փոխըմբռնման», – հայտարարել է Մամեդյարովը։
Ինչպես կարծում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, այս պահին առավելագույնը, ինչի մասին կարող են պայմանավորվել կողմերը, բանակցությունների վերսկսումն է։
«Լավագույն դեպքում Ադրբեջանի համար դա կարող է լինել արդեն գոյություն ունեցող փաստաթղթի` Մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցությունների շարունակությունը, քանի որ Հայաստանի ղեկավարությունը սկզբից և կանոնավոր կերպով հայտարարում ու պնդում է, որ Արցախը պետք է մասնակցի որպես բանակցող կողմ», – ասաց Հակոբյանը։
Նրա կարծիքով, հնարավոր է` կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն բանակցությունները շարունակելու մասին հին ձևաչափով և Մադրիդյան սկզբունքների շուրջ, ավելին, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը չի գնա զիջումների մինչև պարզ չդառնա, թե ինչ զիջումների է պատրաստ Ադրբեջանը։
Հակոբյանը նշեց, որ դեռ ոչ ոք չի խոսում այն զիջումների մասին, որոնց պատրաստ է գնալ Բաքուն։ Իսկ դա նշանակում է, որ օրակարգում «տարածքները խաղաղության դիմաց» հարցն է և որևէ հարց չկա Արցախի կարգավիճակի մասին, որն առաջնահերթ է Հայաստանի համար։ Նա ընդգծեց, որ հայկական ոչ մի իշխանություն չի գնա զիջումների, քանի դեռ լուծված չէ այդ հարցը։
«Մամեդյարովի հայտարարությունը չնայած, որ սենսացիոն բնույթի է, սակայն, ամենայն հավանականությամբ, արվել է ներքին լսարանի համար և ստեղծում է գերսպասումներ, որոնք կարելի է գնահատել որպես ճնշում հայկական կողմի վրա», – ընդգծեց Հակոբյանը։
Загружается новость ...
"Право"
Ինչպես կարծում է քաղտեխնոլոգը, իրականում ընթանում է ակտիվ քարոզչական գրոհ Հայաստանի վրա։
«Այդ կերպ նրանք ուզում են ցույց տալ, որ Ադրբեջանը պատրաստ է գնալ բանակցությունների, իսկ Հայաստանը չի դրսևորում նման ձգտում», – ասաց Հակոբյանը։
Խորամանկություն բանեցնելու փորձ
Ինչպես կարծում է քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, քաղաքագետ Անժելա Էլիբեգովան, հարցն առայժմ մնում է դիվանագիտական չեզոք ձևակերպումների շրջանակում, իսկ ադրբեջանական կողմը Միլանից հետո արդեն մի քանի անգամ ասել է, որ ստեղծվել են բոլոր պայմանները` երկար ժամանակի ընթացքում ընդհանուր հայտարարությունը համաձայնեցնելու և բանակցություններում ճեղքում ուրվագծելու համար։
«Թե ինչի մասին է խոսքը, առայժմ հասկանալի չէ, բայց 2019 թվականին արդեն կերևա հանդիպումների դինամիկայով։ Արդեն նաև Ալիևն էլ իր Twitter–ում գրել է, որ ինքը մեծ սպասումներ ունի 2019 թվականից ղարաբաղյան կարգավորման համատեքստում»,– ասաց Էլիբեգովան։
Նրա կարծիքով, եթե ադրբեջանական կողմը դրական է տրամադրված, ապա դա կարող է պարզապես «ցուցադրական ելույթ» և հայկական կողմի նկատմամբ անուղղակի ճնշում լինել, ադրբեջանական կողմին հարմար հիմք պատրաստելու համար։
«Հնարավոր է` նրանք պարզապես ստուգում են, բայց քանի որ հայկական կողմը բավականին զուսպ է արձագանքում այս հայտարարություններին, ապա ես այդքան էլ չեմ հասկանում մեր դիրքորոշումը»,– ասաց Էլիբեգովան։
Բանակցությունների «վերակենդանացում»
Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, խոսքն այն մասին է, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Մինսկի խմբի շրջանակում բանակցությունները վերակենդանացել են և կշարունակվեն 2019 թվականին։
«Կարգավորման հարցում լուրջ ճեղքումներ սպասելը, իմ կարծիքով, դեռ վաղ է, շոշափելի արդյունքների հասնելը հաջորդ տարվա խնդիր է»,– ասաց Իսկանդարյանը։
Նա ընդգծեց, որ հայտարարությունը կապված է Հայաստանում իշխանափոխության հետ, քանի որ դրան ներքաղաքական բանավեճի որոշակի դադար է եղել։
«Փաստորեն այժմ խոսվում է այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը կվերագործարկվի և կշարունակվի նոր իշխանության օրոք, նրանից հետո, երբ քաղաքական նոր վերնախավ է հաստատվել Հայաստանում»,– ասաց Իսկանդարյանը։
Загружается новость ...
"Право"
Նախկին իշխանությունները մեկնաբանություններ են պահանջում
Ադրբեջանական հայտարարություններին առավել սուր արձագանքեց Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով հայկական իշխանություններից պահանջել է հաշվետու լինել ստեղծված իրավիճակի մասին և մեկնաբանություններով հանդես գալ Ադրբեջանի հայտարարությունների վերաբերյալ։
«Մեզ համար առաջնահերթ է Հայաստանի և Արցախի անվտանգության մարտահրավերների հաղթահարումը։ Վերջին երկու օրերին Ադրբեջանից հայտարարություններ և ելույթներ ենք լսում, որոնք մտահոգություն են առաջացնում, հատկապես հայկական իշխանությունների և վարչապետի լռության համատեքստում։ Հասկանում եմ, որ նոր իշխանությունները զբաղված են Ազգային ժողովում պաշտոնների բաշխման գործընթացով, բայց, կարծում եմ, որ անվտանգության հարցերն ավելի կարևոր են»,– ասաց Շարմազանովը։
Նրա խոսքով, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ չի հրաժարվում խնդրի ուժային լուծումից և ադրբեջանական բանակը համարում է ղարաբաղյան հարվի լուծման հիմնական երաշխավոր։
Ինչից հետո Ալիևը հայտարարել է, որ 2018 թվականին Նախիջևանի օպերացիայի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել հայ–ադրբեջանական սահմանի 11 հազար հեկտար հող, ինչպես նաև նվաճվել ռազմավարական կարևորության մի քանի բարձունք։
Շարմազանովի խոսքով, հայկական իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքել այդ հայտարարություններրին, որոնք մտահոգիչ են, հատկապես Միլանի հանդիպման վերաբերյալ Մամեդյարովի հայտարարությունների համատեքստում։
«Փաստորեն, կա երկու տարբերակ – հրաժարվել ուժային լուծումից կամ բազմակետ դնել։ Սակայն հաշվի առնելով Ալիևի հայտարարությունը և հայկական իշխանությունների արձագանքի բացակայությունը` հնարավոր է երկրորդ տարբերակը»,– ասաց Շարմազանովը։
Նա միաժամանակ ընդգծել է, որ բանակցություններում իր համար շոշափելի արդյունքները նշանակում են Արցախի անկախության ճանաչում և պահանջել է իշխանություններից այս հարցով պարզաբանումներ անել։
«Անհրաժեշտ է հասկանալ մի բան` ղարաբաղյան հարցում չկան իշխանություններ և ընդդիմություն, մենք պետք է միավորենք ջանքերը։ Եթե դրանց արդյունքը տարածքների զիջումն է խաղաղության դիմաց, ապա դա չի լինելու, և ղարաբաղյան հակամարտության միակ կարգավորումն Արցախի կարգավիճակն է»,– ավելացրեց Շարմազանովը։
Ինչ պայմանավորվածություն են ձեռք բերվել` պարզաբանում է Հայաստանի ԱԳՆ–ն
Ինչպես պարզաբանել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունները հրապարակվել են ՀՀ ԱԳՆ կողմից: Մասնավորապես, հանդիպմանը հաջորդած հաղորդագրության մեջ նշված է, որ «Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվեցին առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան»։
«Մեկ այլ համաձայնություն էլ ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ համատեղ հայտարարության վերաբերյալ: Նման ձևաչափով հայտարարություններ երկար ժամանակ է, ինչ չէր հաջողվում ընդունել, այնուամենայնիվ, Միլանում հնարավոր դարձավ համաձայնություն ձեռք բերել հայտարարության տեքստի շուրջ»,– ասաց Նաղդալյանը։
ԵԱՀԿ նախարարների խորհրդում դեկտեմբերի 6-ի իր ելույթում, որը նույնպես հրապարակվել է ՀՀ ԱԳՆ կողմից, Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է այդ հայտարարությանը` ընդգծելով, որ անշուշտ ոգևորիչ է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կայացած հանդիպումից հետո հաջողվեց համաձայնության գալ ընդհանուր տեքստի շուրջ և ընդունել հնգակողմ հայտարարություն: Նա հավելեց, որ այդ հայտարարությունը վերահաստատում է Դուշանբեում ձեռք բերված փոխըմբռնումը կյանքի կոչելու կարևորությունը՝ ինտենսիվորեն աշխատելու հակամարտության գոտում լարվածության հետագա թուլացման և ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ:
«Նման բարդ հարցերի առնչությամբ հանրային հայտարարություններում ոչ կոնֆրոնտացիոն, ոչ թշնամական տոնայնության պահպանումն արդեն իսկ լավ է»,– եզրափակեց Նաղդալյանը։ -0-