ՀՀ վարչապետը հրատապ խորհրդակցություն է հրավիրել

02.04.2016, 12:37
ՀՀ պետական կառույցներն իրենց ողջ կարողություններով պատրաստ են իրավիճակի կայունացմանն ուղղված անհրաժեշտ քայլերի:
ՀՀ վարչապետը հրատապ խորհրդակցություն է հրավիրել
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ պետական կառույցներն իրենց ողջ կարողություններով պատրաստ են իրավիճակի կայունացմանն ուղղված անհրաժեշտ քայլերի, ասել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր առավոտյան հրավիրած հրատապ խորհրդակցության ընթացքում, հայտնում է Հայաստանի կառավարության պաշտոնական կայքը։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ, և ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ`հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտեր են տանում առաջնային գծի բոլոր ուղղություններով` հակառակորդին կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ պատճառելով։ Մասնավորապես, ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով, ԼՂՀ պաշտպանության բանակի ՀՕՊ ուժերը շփման գծի հյուսիսային հատվածում հայկական դիրքերը գրոհած ադրբեջանական ուղղաթիռ են խոցել։

«ՀՀ վարչապետը նշել է, որ այս աննախադեպ գործողությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման տապալմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության հերթական անթաքույց դրսևորումն է: «Հայկական զինուժը՝ զգալի կորուստներ հասցնելով և հետ շպրտելով հակառակորդին, լիովին վերահսկում է իրավիճակը: Հայաստանի Հանրապետության պետական կառույցներն իրենց ողջ կարողություններով պատրաստ են իրավիճակի կայունացմանն ուղղված անհրաժեշտ քայլերի»,– ասել է Աբրահամյանը։

ՀՀ ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանը զեկուցել է իրավիճակի վերաբերյալ՝ նշելով, որ 1994 թվականից ի վեր աննախադեպ գործողություններ են ձեռնարկվել հակառակորդի կողմից։ Նա ավելացրել է, որ այս պահի դրությամբ ղարաբաղաադրբեջանական ուժերի շփման գծում ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են, հայկական զինված ուժերը հակառակորդին արժանի հակահարված են հասցրել:

Համապատասխան գերատեսչություններին հանձնարարականներ տալուն զուգահեռ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շեշտել է հանրությանը ժամանակին և ճշգրիտ տեղեկատվություն հասցնելու կարևորությունը:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: -0-