ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խստորեն դատապարտել է ադրբեջանական կողմի հարձակողական գործողությունները։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ, և ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ`հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտեր են տանում առաջնային գծի բոլոր ուղղություններով` հակառակորդին կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ պատճառելով։ Մասնավորապես, ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով, ԼՂՀ պաշտպանության բանակի ՀՕՊ ուժերը շփման գծի հյուսիսային հատվածում հայկական դիրքերը գրոհած ադրբեջանական ուղղաթիռ են խոցել։
«Այդ սանձազերծ գործողություններով հրթիռահրետակոծման են ենթարկվում նաև խաղաղ բնակավայրերը, որոնց հետևանքով, ցավոք, սպանվել են մեկ և վիրավորվել 2 երեխաներ»,– նշվում է Օմբուդսմենի հայտարարությունում։
Ըստ նրա, հակառակորդի այդ գործողությունները կյանքի իրավունքի դեմ ոտնձգող միջազգային մակարդակի հանցագործություններ են և ենթակա են դատապարտման ու պատժման միջազգային իրավունքի ողջ խստությամբ՝ առանց որևէ բացառության:
Թաթոյանն ընդգծել է, որ միջազգային մարդասիրական իրավունքի հիմնասյունն է բնակավայրերի և քաղաքացիական անձանց նկատմամբ ռազմական գործողությունների իրականացման բացառիկ արգելքը:
Քաղաքացիական բոլոր անձինք և, հատկապես, երեխաներն ու կանայք գտնվում են առանձնակի պաշտպանության տակ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ավելացրել է, որ նա հետևում է խաղաղ բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական կողմից իրականացվող անթույլատրելի գործողություններին, նշելով, որ իր կարգավիճակի բոլոր հնարավորություններով նա կներկայացնի դրանք միջազգային մարմինների ուշադրությանը` պարտադիր քննարկման հարց դարձնելու նպատակով: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում