ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը Facebook -յան իր էջում տեղադրել է RazmInfo մասնագիտացված ռազմական պորտալի կադրերը, որում պատկերված է ադրբեջանական տեխնիկա, որոնք հայտնվել են հայկական զինված ուժերի ձեռքում և ցուցադրվել են Պաշտպանության բանակի կողմից, մասնավորապես՝ ԲՄՊ-2-ները Ադրբեջանի ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի, առաջնագծային 181-րդ մոտոհրաձգային բրիգադի սպառազինությունից:
«Վերևի լուսանկարում` 386 կողային համարով, սեպտեմբերի 27-ին մեր ձեռքը հայտնված ԲՄՊ-2-ն է: Ներքևում նույն տեխնիկան՝ բրիգադի գարաժում»,- գրել է Ստեփանյանը՝ նկարին կից:
Արցախում իրավիճակի սրման մասին
Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է մղվել մի քանի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը կրել է մարդկային կորուստներ, ոչնչացվել է 30 տանկ, 3 ուղղաթիռ, մոտ 20 ԱԹՍ։ Հայկական կողմը հայտարարել է 16 զոհի և ավելի քան 100 վիրավորի մասին։ Ադրբեջանական ԶՈւ–ն գնդակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։ Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։–0–