Հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ շփման գծում. կա զոհ

04.12.2015, 11:35
Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող է զոհվել ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձի հետևանքով։
Հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ շփման գծում. կա զոհ
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող, 1995թ. ծնված Էրիկ Էդիկի Գրիգորյանը զոհվել է դեկտեմբերի 4-ին ժամը 04:30-ի սահմաններում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձի հետևանքով, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, ծավալված մարտերի ընթացքում Էրիկ Գրիգորյանը, ցավոք, հրազենային մահացու վերք է ստացել: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով` հետ շպրտել իրենց ելման դիրքերը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իրզորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին,հարազատներին և ծառայակիցներին»,– ասվում է հաղորդագրությունում։

Բացի հետախուզադիվերսիոն գործողությունից, դեկտեմբերի 3-ին և լույս 4-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (197 արկ), 82 (43 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (14 արկ), ՌԳՊ-7 (1 արկ) նռնականետերից ու TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանքից (4 արկ), հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 650 կրակոց:

Այս պահի դրությամբ հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի ականանետային և հրթիռային զինատեսակներից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկվում են պատժիչ գործողություններ` հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար: -0-