Հայկական կողմն Արցախում 20 զինծառայող է կորցրել, 72 զինվոր վիրավորվել է
Բացի այդ, նրա խոսքով, վիրավորվել է 72 զինծառայող, նրանցից ութը` սպաներ կամ ենթասպաներ, անհետ կորած են համարվում 26 զինծառայողներ։
«Մեր կողմից չորս քաղաքացիական անձ է զոհվել, նրանց թվում` մեկ երեխա և Թալիշ գյուղում դաժանորեն սպանված նույն ընտանիքի երեք անդամներ»,– ավելացրել է նա։
Առուստամյանը հայտնել է, որ ադրբեջանական կողմն ավելի քան 300 զոհ ունի, վիրավորների թվի մասին առայժմ տվյալներ չկան։
Արցախի պաշտպանության նախարարության ներկայացուցիչն ասել է նաև, որ ղարաբաղյան կողմը պետք է հետ վերցնի ևս 8 դիրք, այդ թվում` երեքը հյուսիսում և հինգը` հարավում։ «Խոսքը 200-250 մետր մակերես ունեցող տարածքի մասին է»,– հայտնել է նա։
«Հայկական կողմի տեխնիկական կորուստները յոթ տանկ են կազմում։ Մենք արդեն հակառակորդի 18 տանկ ենք ոչնչացրել, երեք ՀՄՄ, երկու ուղղաթիռ, վեց անօդաչու սարք, այլ սպառազինություն»,– ասել է նա։
Առուստամյանը հերքել է հայ գեներալի և գնդապետի մահվան մասին լուրերը։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով:
ԼՂՀ ՊՆ–ի մամուլի ծառայության հաղորդմամբ` ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը։ Ադրբեջանական զորքերն առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով։
Հակառակորդի ագրեսիվ գործողությունները ճնշելու ուղղությամբ ՊԲ առաջապահ ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները և վստահաբար իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրները։ Օպերատիվ տվյալներով` մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, 18 տանկ, «Գրադ» տիպի 1 կայանք, 5 միավոր այլ զրահատեխնիկա, այդ թվում` 3 ԲՄՊ, 1 միավոր ինժեներական տեխնիկա և 6 անօդաչու սարք։ Ադրբեջանական զինուժը տվել է 300-ից ավելի մարդկային կորուստ: Հայկական կողմը կորցրել է 7 տանկ, ունի 20 զոհ, 72–ը վիրավոր է, անհետ կորած է համարվում 26–ը։ Զոհվել են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում` մեկ երեխա։ –0–

