ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրեց այն երկու հիմնական ուղղությունները, որոնցով պետք է ընթանա ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը:
«Բանակցային գործընթացը պետք է ընթանա երկու ուղղություններով` պետք է նվազեցվի լարվածությունը զորքերի շփման գծում, ինչպես նաև ստեղծվեն միջադեպերի հետաքննության իրական մեխանիզմներ»,- ասաց նախագահն «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Սարգսյանն անընդունելի անվանեց այն մոտեցումը, որի դեպքում մի կողմից բանակցություններ են տարվում, իսկ մյուս կողմից շփման գծում կրակում են:
«Սահմանում միջադեպերը հանգեցնում են նրան, որ կողմերի միջև անվստահությունը միայն խորանում է, իսկ դա չի կարող դրական ազդեցություն ունենալ բանակցությունների ընթացքի վրա: Նման պայմաններում բանակցություններ վարելն անհնար է: Կորուստները նյարդայնություն են մտցնում բանակցային գործընթաց, ինչն օգուտ չի տալիս կողմերից և ոչ մեկին»,- ասաց նախագահը:
Загружается новость ... "Лево"
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։
Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-