Հարավում հակառակորդի տարբեր զորախմբերը փորձել են առաջխաղացում ապահովել ինչպես դեպի արևմուտք, այնպես էլ դեպի հյուսիս և հյուսիս-արևմուտք․ ՊՆ ներկայացուցիչ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Այսօր՝ ողջ օրվա ընթացքում, հակառակորդը Արցախի ողջ սահմանի երկայնքով շարունակել է հարձակողական գործողությունները բոլոր ուղղություններով։ Ակտիվ են եղել ինչպես հյուսիսային, այնպես էլ կենտրոնական և հարավային ուղղությունները։ Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հարավում՝ տարբեր կետերում, տարբեր օջախային հատվածներում, հակառակորդի տարբեր զորախմբերը փորձել են առաջխաղացում ապահովել ինչպես դեպի արևմուտք, այնպես էլ դեպի հյուսիս և հյուսիս-արևմուտք։ Առաջխաղացման բոլոր փորձերը կասեցվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ, այդ թվում՝ զրահատեխնիկայի կորուստներ»,- ասաց Հովհաննիսյանը։-0-