Ղարաբաղի բանակցային գործընթացի փաստաթղթերը մինչև տարվա վերջ հրապարակելու եմ. Փաշինյանը պատասխանել է Սերժ Սարգսյանին
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին՝ հայտարարելով Ղարաբաղի բանակցային փաստաթղթերը հրապարակելու՝ իր ծրագրերի մասին։
«ՍՍ–ն էլի խոսել է բանակցային փաստաթղթերի մասին։ Հեչ չնեղվես․ բանակցային պատմության առանցքային թղթերը (ներառյալ 2019) դասավորել եմ, հիմա սքան ենք անում ու մինչև տարվա վերջ հրապարակելու եմ, արանքներում դնելով նաև մի քանի հրապարակային թղթեր։ Նաև քո գրած մի նամակ եմ մեջը դնելու, որ չմտածես առ եմ համարում։ Որ զարթնես, ՏՊԼ–ին (Լևոն Տեր-Պետրոսյան, խմբ. ) ու ՔՌ–ին (Ռոբերտ Քոչարյան, խմբ.) էլ խաբար արա»,-գրել է նա Facebook-ի իր էջում։
Նախօրեին «Իմնեմնիմի» փոդքասթի եթերում Սերժ Սարգսյանն ասել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2019 թվականին Փաշինյանին առաջարկել են ԼՂ հարցի վերաբերյալ մի փաստաթուղթ, որը մոտ մեկ տարի թաքցվել էր հանրությունից, բայց որը կարող էր օգտագործվել որպես բանակցությունների հիմք։
«8-9 ամիս առաջ ես տեսել եմ 2019 թվականին Արցախի հարցով համանախագահների առաջարկած այն փաստաթուղթը, որը Նիկոլ Փաշինյանը թաքցնում էր հայ ժողովրդից և այդ փաստաթղթի գոյության մասին զգուշացրել եմ Արցախի ղեկավարությանը»,- ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ Արցախի ղեկավարությունը բացարձակապես տեղյակ չէր այդ նոր առաջարկից։
«Հետագայում արդեն, 2020 թվականին, Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հայտարարեց, որ կա այդպիսի փաստաթուղթ»,-ընդգծել է Սարգսյանը։

