«Ղ-Տելեկոմը» զրոյացրել է ապրիլի 2-ից 5-ը ներառյալ կատարված զանգերի և SMS հաղորդագրությունների հաշիվները

06.04.2016, 17:52
«Ղարաբաղ Տելեկոմ» հեռահաղորդակցական ընկերությունը զրոյացրել է ապրիլի 2-ից 5-ը ներառյալ կատարված զանգերի և SMS հաղորդագրությունների հաշիվները:
«Ղ-Տելեկոմը» զրոյացրել է ապրիլի 2-ից 5-ը ներառյալ կատարված զանգերի և SMS հաղորդագրությունների հաշիվները
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. «Ղարաբաղ Տելեկոմ» հեռահաղորդակցական ընկերությունը զրոյացրել է ապրիլի 2-ից 5-ը ներառյալ կատարված զանգերի և SMS հաղորդագրությունների հաշիվները, հայտնում է հայկական հեռահաղորդակցական պորտալ telecom.arka.am-ը:

«Ապրիլի 2-ից 5-ը ներառյալ հաշվագրված բոլոր գումարները, կապված ձայնային և SMS կապի ծառայությունների հետվճարային, ֆիքսված անլար և ֆիքսված հեռախոսակապի հետ, կզրոյացվեն: Կանխավճարային բաժանորդների համար՝ նշված ժամանակահատվածում կատարված վերալիցքավորման գումարները կփոխանցվեն բաժանորդի հաշվեկշռին», - հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:

Բացի այդ, «Ղարաբաղ Տելեկոմը» անվճար կվերամիացնի բոլոր ձայնային ծառայությունները, որոնք վճարման վերջնժամկետը խախտելու պատճառով կասեցվել էին մինչև 2016թ. ապրիլի 30-ը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները։ Օպերատիվ տվյալներով`մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, շուրջ 30 տանկ, «Գրադ» տիպի համազարկային կայանք, ծանր հրանետային համակարգ (ТОС), ինժեներական տեխնիկա, 6 անօդաչու սարք։ Ադրբեջանական զինուժը տվել է 300-ից ավելի մարդկային կորուստ:

Հայկական կողմը կորցրել է 14 տանկ, ունի 29 զոհ, 101–ը վիրավոր է, անհետ կորած է համարվում 26–ը։ Զոհվել են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում` մեկ երեխա և յոթ կամավոր։ Մարտական գործողությունները դադարեցվել են ապրիլի 5–ին մոտավորապես ժամը 12։00–ին, երբ ուժի մեջ մտան համապատասխան պայմանավորվածությունները։ -0–

«Ղարաբաղ տելեկոմը» շուկայում գործում է 2002 թ. փետրվարից: Այս 10 տարվա ընթացքում ընկերությունը կառուցել է բջջային հեռախոսակապի նոր կայաններ, որոնց շնորհիվ ներկա դրությամբ ԼՂՀ տարածքի 95 տոկոսը ապահովված է բջջային հեռախոսակապով:

«Ղարաբաղ տելեկոմը» տրամադրում է բջջային, թվային ֆիքսված և անլար ֆիքսված հեռախոսակապ, ինտերնետ ծառայություն: -0-