Եթե Արցախի ժողովրդին ինչ-որ բան պատահի, մենք պայքարելու ենք ամեն թիզ հողի համար. Օհանյան

10.09.2016, 18:26
Հայաստանը ղարաբաղյան հակամարտության՝ բացառապես խաղաղ հանգուցալուծում է ակնկալում:
Եթե Արցախի ժողովրդին ինչ-որ բան պատահի, մենք պայքարելու ենք ամեն թիզ հողի համար. Օհանյան
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը ղարաբաղյան հակամարտության՝ բացառապես խաղաղ հանգուցալուծում է ակնկալում, ասաց Հայաստանի պաշտպանության նախարարի պաշոտանակատար Սեյրան Օհանյանը լրագրողներին՝ քննարկելով Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկումները:

«Մեր դիվանագիտության համար պատասխանատու են համապատասխան կառույցներ, որոնք քաջատեղյակ են բանակցային գործընթացի մասին, տեղյակ են անցկացվող հանդիպումներից: Մենք մի բան ենք սպասում, որ մեր առաջարկած տարբերակը կյանքի կոչվի, այլ կերպ ասած, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծվի բացառապես քաղաքական խաղաղ պայմաններում, երկխոսության միջոցով, փոխադարձ համաձայնությունների և, ամենակարևորը, վստահության մթնոլորտում»,- ասել է նա:

Օհանյանը նշել է համապարփակ լուծումների անհրաժեշտությունը, որոնք պետք է ձևավորվեն բանակցային գործընթացի շրջանակում:

Այդ կապակցությամբ նա ընդգծել է, որ ներկայում հակառակորդը շարունակում է մերժել վստահության մթնոլորտի ձևավորման բոլոր առաջարկները:

«Դա հնարավորություն է ընձեռում պնդել, որ մինչև վստահության մթնոլորտ չձևավորվի, մենք չենք կարող խոսել փոխադարձ համաձայնությունների մասին: Եթե Արցախի ժողովրդի կամ Արցախի հետ, ընդհանուր առմամբ, մի բան կատարվի, ապա մենք կպայքարենք ամեն թիզ հողի համար»,- ընդգծել է նա:

Օհանյանը նշել է նաև, որ առաջնագծում իրավիճակի սրման միտումներ վերջին ժամանակներում չկան, կողմերի միջև պայմանավորվածություններն այս կամ այն չափով կատարվում են:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-