ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Եթե Թուրքիան չխառնվեր, Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը հավանաբար կհամաձայնեին զինադադարի: Այս մասին հայտնել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հեղինակավոր բելգիական La Libre Belgique հրատարակությանը:
«Եթե Թուրքիան չխառնվեր, Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը հավանաբար կհամաձայնեին զինադադարի: Թուրքիան շատ ավելի լայն օրակարգ ունի՝ Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, Եգիպտոսում, Արևելյան Միջերկրականում: Նա ամենուր անկայունություն է ստեղծում և այդ անելով խախտում ստատուս-քվոն, որ իր դերն ավելի կարևորի»,- նշել է Սարգսյանը:
Հարցազրույցը հրապարակել է նախագահի մամուլ ծառայությունը:
Նախագահի խոսքով, Թուրքիան, ում հիմնական թիրախը Եվրոպան է, շատ խաղաքարտեր ունի: Դրանցից մեկն էներգետիկան է:
«Թուրքիան էներգիա գնող երկիր էր: Հիմա նրանք ուզում են սեփականը՝ իրենց իսկ հսկողության տակ: Եվ երբ Կասպից ծովի գազն ու նավթը պետք է ուղղվեն դեպի Եվրոպա, դա կլինի տրանսանատոլիական (TANAP), հետո՝ տրանսադրիատիկ (TAP) գազատարներով»,- հայտնել է նա:
Սարգսյանն ընգծել է, որ Թուրքիան ուզում է վերահսկել Կասպից ծովից և Կենտրոնական Ասիայից եկող էներգահոսքը: Կենտրոնական Ասիայի երկրները, ինչպես նաև Հարավային Եվրոպան կախված կլինեն նրանից:
«Մյուս խաղաթուղթը փախստականներն են: Դուք չորս միլիոն փախստական ունեք ձեր սահմաններին, և Թուրքիան դրանով առևտուր է անելու ձեզ հետ: Դուք արդեն 6 մլրդ եվրո եք վճարել, չէ՞»,- հարց է ուղղել նախագահը:
Նախագահը հայտնել է, որ երրորդ խաղաթուղթը ահաբեկիչներն են լինելու:
«Ո՞վ է ձեզ ասում, որ նրանք (ահաբեկիչները, որոնք Ադրբեջանում են-խմբ.) չեն կարող մի այլ օդանավ նստել ու գնալ Եվրոպա: Դա մարդկանց ծայրահեղության մղելու մի այլ միջոց է: Լիբիայում Թուրքիան նույն օրակարգն ունի. վերահսկել էներգահոսքերը և վերահսկել աֆրիկյան ներգաղթի դռները դեպի Եվրոպա»,- հայտնել է նախագահը:
Նրա կարծիքով, Եվրոպան չի հասկանում, որ Թուրքիայի ներկա ղեկավարությունն ունի բոլորովին այլ օրակարգ և չի ուզում ԵՄ-ի հետ արժեքներ կիսել, օրինակ՝ հանդուրժողականություն:
«Այդ մարդիկ անհանդուրժող են: Ես խոսում եմ առաջնորդների մասին, ոչ թե թուրք ժողովրդի: 2007թ. հայտնի հայ լրագրող Հրանտ Դինքն սպանվեց Ստամբուլում... Հարյուր հազարավոր թուրքեր ասում էին, որ իրենք Հրանտ Դինք են»,- հայտնել է նախագահը:
Սարգսյանը նաև նշել է, որ եթե Թուրքիան օգտագործի իր ազդեցությունը և ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, հնարավոր կլինի հրադադար հաստատել:-0-