Ձկան պահածոներ կսկսեն արտադրել Արցախում

22.10.2015, 16:41
Ձկան պահածոներ կարտադրվեն առաջիկայում Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, հայտնում է Արցախի հանրային հեռուստատեսությունը:
Ձկան պահածոներ կսկսեն արտադրել Արցախում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ձկան պահածոներ կարտադրվեն առաջիկայում Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, հայտնում է Արցախի հանրային հեռուստատեսությունը:
Գործարանի տնօրեն Սուրեն Բարսեղյանի խոսքով, ձկան պահածոների առաջին արտադրամասը սկսվել է դեռևս մեկ տարի առաջ: «Արդեն պատրաստ է մի գործարանը, որտեղ համապատասխան սարքավորումներ կան, և առաջիկայում այնտեղ կարտադրվի առաջին խմբաքանակը` ձկան մի քանի տեսակի պահածոներ»,- նշել է Բարսեղյանը:

Նա ասել է նաև, որ հիմնականում, կօգտագործվեն Արաքս գետի պաշարները, իսկ գործարանի կառուցմանը զուգընթաց կձևավորվի նաև ձկնատնտեսություն:

«Ներկայում արտադրամասում աշխատում է քսան մարդ, սակայն ժամանակի ընթացքում աշխատողների թիվը կավելանա մինչև հիսուն»,- ասել է Բարսեղյանը: Արտադրամասի տնօրենը նշել է, որ արտադրանքի անվանման և ապրանքանշանի հետ, ինչպես նաև կազմակերպության գրանցման հետ կապված աշխատանքները ծրագրվում է ավարտել առաջիկա ամսում:

«Առաջին արտադրամասի հարևանությամբ կառուցվում է նաև երկրորդը, որը նախատեսված է լինելու մրգի և բանջարեղենի համար»,- նշել է Բարսեղյանը: –0--