Դե ֆակտո եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը. վարչապետ

22.12.2022, 11:48
Փաշինյանը հայտարարեց, որ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը
Դե ֆակտո եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը. վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ դրույթում արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ:

«Իհարկե, նման բան տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով, բայց սրանից իրավիճակը չի փոխվում, որովհետև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի առանցքային իմաստը հենց դա է՝ թույլ չտալ, որ նման ապօրինություն տեղի ունենա և մասնավորապես՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը»,- նշեց Փաշինյանը:

Նա նաև նշեց, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրադրությունը մնում է ծայրահեղ լարված;

 «Հարյուրավոր ընտանիքներ շարունակում են կիսված մնալ: ԼՂ-ում առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների, այդ թվում՝ պարենի դեֆիցիտ է նկատվում: Լաչինի միջանցքը փակելու Ադրբեջանի գործողություններն ապօրինի են և կոպտորեն խախտում են նրա ստանձնած միջազգային պարտավորությունները, մասնավորապես նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները», - նշեց վարչապետը:-0-